1 «Ես՝ մեծ թագավոր Արտաշեսը, ողջունում եմ ձեզ, որ Հնդկաստանից մինչև Եթովպիայի կողմերում եք, հարյուր քսանյոթ գավառների նախարարներիդ և իշխաններիդ, ձեզ, որ հավատարիմ եք մեզ։ 2 Շատերը, բազում անգամ իրենց բարերարների քաղցր վերաբերմունքի շնորհիվ հաճախակի պատիվների արժանանալով, չափից ավելի մեծամտացան իրենց խորհուրդներով։ 3 Նրանք ոչ միայն ջանում են մեր հպատակներին չարչարել, այլև չկարողանալով դիմանալ փառքի մեծությանը՝ հանդգնությամբ մեքենայություններ են նյութում իրենց բարերարների դեմ։ 4 Նրանք ոչ միայն մարդկանցից վերացնում են երախտագիտությունը, այլև ոգևորվելով բարությանն անծանոթ մարդկանց պարծենկոտություններով՝ կարծում են, թե կխուսափեն հավիտյանս ամենատես Աստծու չարատյաց դատաստանից։ 5 Շատ անգամ շատերը, որ իշխանության են նշանակված, և որոնց վստահված է ընկերների գործերը կառավարել, դրդվելով անմեղ արյան թափվելու պատճառ են դառնում և դաժան պատուհասների կրում։ 6 Նրանք նենգ խաբեությամբ չարաշահում են իշխանավորների պարզ բարյացակամությունը։ 7 Եվ դա կարելի է տեսնել ոչ այնքան հին պատմություններից, որ մենք փոխանցում ենք, որքան ներկա դեպքերից՝ ուսումնասիրելով անարժանաբար իշխողների մահաբեր կեցվածքի պատճառով անպարկեշտորեն կատարվածները։ 8 Պետք է ուշադիր լինել ապագայի համար, որպեսզի թագավորությունը անխռով և խաղաղությամբ պահենք բոլոր մարդկանց համար՝ 9 որդեգրելով փոփոխություններ և մեր ուշադրությանը ներկայացված դեպքերը միշտ ավելի մեղմ մոտեցումով դատելով։ 10 Ինչպես օրինակ Ամադոթի որդի Համան Մակեդոնացին, որը, իրականում օտար լինելով պարսից զարմին և շատ հեռու լինելով մեր բարությունից, 11 հյուրընկալվեց մեր կողմից ու բոլոր ազգերի հանդեպ մեր ունեցած մարդասիրությանն արժանացավ այն աստիճան, որ մեր աթոռակիցը կոչվեց։ Նրան երկրպագում էին մեր իշխանության տակ գտնվող բոլոր մարդիկ, և նրան պատվեցինք՝ մեր երկրորդ աթոռին նստեցնելով։ 12 Բայց նա չզսպեց իր ամբարտավանությունը և ջանաց մեքենայություն նյութել՝ զրկելու մեզ իշխանությունից և կյանքից։ 13 Մեր փրկիչ ու երախտավոր Մուրթքեին և ինձ թագավորակից չքնաղ ու անարատ Եսթեր տիկնանց տիկնոջը, իրենց ամբողջ ազգով հանդերձ, բազում զուր և դատարկ մեղքեր վերագրելով՝ նա ցանկացավ առանց պատճառի կործանել։ 14 Այս եղանակով նա մտածում էր պարսկական թագավորությունն ամայացնել և այն մակեդոնացիներին վերադարձնել։ 15 Իսկ մենք տեսնում ենք, որ բազմահնար այդ սատակիչի կողմից ոչնչացման մատնված հրեաների մեջ չարության որևէ գործ չկա, և նրանք արդար օրենքներով են ապրում։ 16 Նրանք որդիներն են բարձրյալ, մեծ ու կենդանի Աստծու, որ մեր և մեր ազգի թագավորությունը վարում է իր բարեսեր առատությամբ։ 17 Արդ, լավ կանեք, որ Համանից ձեզ ուղարկված հրովարտակի հրամանի համաձայն ոչինչ չձեռնարկեք, 18 որովհետև ինքնագլուխ այս բանն անողը Սիսիս քաղաքի դարպասների մոտ իր ամբողջ ընտանիքով կախաղան է հանվել՝ արժանի դատաստան ընդունելով Ամենակալ Աստծուց, որ հատուցեց արագորեն։ 19 Այս հրովարտակի պատճենը դրե՛ք տեսանելի տեղերում և տարածե՛ք ամենայն հոգածությամբ, որպեսզի հրեաները կարողանան գործադրել իրենց օրենքները։ 20 Արդ, թող նրանք քաջալերվեն, որովհետև ինչպես նեղության ժամանակ նրանց չարչարում էին, այդպես էլ նրանք Ադարի՝ տասներկուերորդ ամսի տասներեքին՝ նույն օրը, թող հատուցեն իրենց թշնամիներին։ 21 Քանի որ Ամենազոր Աստված այդ իսկ օրը ընտրյալ ազգի կործանման փոխարեն դարձրեց նրանց ուրախության օր։ 22 Եվ դուք այժմ ձեր տարեկան տոների շարքում ուրախությամբ տոնախմբե՛ք այս օրը՝ որպես նշանավոր տոն, 23 որպեսզի ինչպես հիմա, այնպես էլ սրանից հետո այն փրկության օր լինի մեզ և պարսիկներիս բարեկամների համար, իսկ մեզ համար մահ նյութողների համար՝ կորստյան հիշատակ։ 24 Բոլոր այն քաղաքներն ու գավառները, որոնք չեն գործի ըստ մեր այս խոսքերի, բարկությամբ սրով ու հրով պիտի կոտորվեն և ոչ միայն ամայանան մարդկանցից, այլև երկրի գազաններից ու թռչուններից էլ հավիտյան պիտի մերժվեն ու լքվեն։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia