Եսթերի այցը թագավորին4 Երրորդ օրը, երբ ավարտեց իր աղոթքը, հանեց իր վրայից սգի հանդերձները, հագավ իր ծիրանիները ու շատ հմայիչ դարձավ։ 5 Եվ կրկին աղոթելով իր տեսչին՝ Աստծուն և բոլորի փրկչին, վերցրեց իր սիրելի երկու նաժիշտներին, 6 որոնցից մեկը նրա զգեստի քղանցքներն էր վեր պահում, 7 իսկ մյուսին թևանցուկ էր արել։ 8 Նա երկչոտությամբ շիկնել էր իր երիտասարդական ողջ գեղեցկությամբ. նրա տեսքը զվարթուն էր ու հաճելի, սակայն նրա սիրտը սոսկում էր վախից։ 9 Նա անցավ ապարանքի բոլոր դռներով և կանգնեց թագավորի առաջ։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա, հագել իր փառավոր պատմուճանը, որ ընդելուզված էր ոսկով, մարգարիտներով և այլ թանկագին քարերով, ու շատ ահարկու էր։ 10 Թագավորը բարձրացրեց իր երեսը, որ ճառագայթում էր փառքից, և նայեց։ Թագուհին ընկճվեց, փոխեց իր գույնը, թալկացավ և ընկավ իրեն ուղեկցող նաժիշտի վրա։ 11 Աստված թագավորի հոգին հեզ դարձրեց, և նա մեծ երկյուղով արագորեն իջավ իր գահից, տիկնոջը վերցրեց իր գիրկը, սթափեցրեց նրան և աղաչում ու մխիթարում էր խաղաղ խոսքերով։ Ապա ասաց նրան. 12 «Ի՞նչ է պատահել, քեզ, Եսթե՛ր տիկին, ես քո եղբայրն եմ, համարձա՛կ եղիր, 13 չես մեռնի, որովհետև իմ և քո հրամանները նույնն են։ Մոտեցի՛ր»։ 14 Եվ ոսկե գավազանը բարձրացնելով՝ դրեց նրա պարանոցին, ապա համբուրեց նրան ու 15 ասաց. «Խոսի՛ր ինձ հետ»։ 16 Եսթերը նրան ասաց. «Քեզ տեսա, տե՛ր, իբրև Աստծու հրեշտակի, և քո փառքի ահից խռովվեց իմ սիրտը։ 17 Որովհետև սքանչելի ես, տե՛ր իմ, և քո երեսը լի է բարությամբ»։ 18 Եվ մինչ խոսում էր նրա հետ, նորից ընկրկեց թագավորի ահից։ 19 Թագավորը շատ էր խռովվել, իսկ նրա ծառաներն ու սպասավորները հանդարտեցնում էին տիկնոջը։ Թագավորն ասաց. «Ի՞նչ ես ցանկանում, Եսթե՛ր, և ի՞նչ է քո խնդրանքը։ Արդարև, խոստանում եմ քեզ, որ եթե մինչև իսկ իմ թագավորության կեսը խնդրես, կտամ քեզ»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia