Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 5

Թագավորը երկու անգամ հետաձգում է կոտորածի հրամանը

1 Այն ժամանակ նա կանչեց Հերմոն փղապետին ու հրամայեց, որ սա վաղը ևեթ հանի փղերին՝ թվով մոտ յոթ հարյուր, առանց հապաղելու նրանց պատրաստի

2 խնկառատ գինիներով, կատաղեցնի կնդրուկով ու անապակ գինով և հրապարակ քշի՝ եբրայեցիների գլխին մեծ պատուհաս բերելու համար։

3 Թագավորը փղապետին այս հրամանը տալուց հետո վերադարձավ իր խնջույքին մեծաթիվ զորքի ու մեծամեծ ավագանու հետ, որոնք եբրայեցիների նկատմամբ ավելի թշնամությամբ էին լցված, քան թագավորն ինքը։

4 Երբ փղապետը լսեց խիստ հրամանը, նույն ժամին կատարեց այն ու պատրաստ վիճակի բերեց փղերին։

5 Ուրիշ սպասավորներ էլ ելան ու կապեցին տառապյալների ձեռքերն ու ոտքերը, իսկ մյուսներն էլ՝ իբրև գիշերային պահակներ, զգուշությամբ հսկում էին նրանց շուրջը՝ մտածելով, որ առավոտյան կտեսնեն այդ ազգի կոտորածն ու վախճանը։

6 Իսկ հրեաներն իրենց անզոր ու անօգնական էին համարում, որս դարձած հեթանոսների համար։

7 Նրանք արտասվալից աղոթքներով անդադար դիմում էին Ամենակալ Տիրոջը, ամեն զորություն զորացնող ողորմած Աստծուն.

8 բոլորը միասին ծնկի եկած աղաչում էին, որ նա խափանի անօրեն այս մտադրությունը

9 և մի մեծ հրաշքով վերացնի այս օրհասը, որ ահա հասնում է իրենց վրա։

10 Փղապետը, անողորմ գազաններին խնկախառն գինիներով գրգռելով, առավոտյան ներկայացավ թագավորի պալատը։

11 Սակայն պարգևատու, երկնավոր, առատաձեռն Աստված թագավորին քուն պարգևեց, որ իբրև բարի պարգև՝ վաղնջական ժամանակներից ի վեր գիշեր ու ցերեկ տրվում է բոլորին։

12 Տերն իր զորությամբ թագավորին կապեց թանձր, խոր, քաղցր ու անուշ քնով և մոլորեցրեց ու շեղեց նրան իր հաստատ որոշումից։

13 Երբ եբրայեցիները տեսան, որ անցել է մահաբեր օրհասի ժամը, սկսեցին օրհնաբանել երկնավոր սուրբ Աստծուն և երեսի վրա ընկած՝ դարձյալ աղաչում էին նրան, որ գոռոզ հեթանոսներին ցույց տա իր մեծազոր բազկի զորությունը։

14 Տասներորդ ժամի մոտ, երբ խնջույքի ողջ պատրաստությունն արդեն ավարտվել էր, իսկ հրավիրվածներից յուրաքանչյուրը կանգնած էր ըստ իր աստիճանի, արարողապետը ներս մտավ, արթնացրեց թագավորին

15 և հայտնեց, որ խնջույքն սկսելու ժամանակն արդեն անցնում է։

16 Այնժամ թագավորը հիշեց խնջույքի մասին և անմիջապես բազմելով իր գահին՝ հրամայեց հրավիրվածներին ներս կանչել, բարձեր հրամցնել

17 և յուրաքանչյուրին գահավորակ մատուցել ըստ իր աստիճանի։ Խրախճանքն սկսելով՝ նա հորդորեց ուրախ ժամանակ անցկացնել մինչև ուշ գիշեր։

18 Երբ բավականին ժամանակ գինարբուք էին արել, նա կանչեց փղապետին ու խիստ զայրացած սպառնաց նրան. «Ինչպե՞ս կամ ինչո՞ւ են հրեաներն ազատվել խիստ հրամանով նշանակված օրհասից և մինչև այսօր դեռ կենդանի են մնացել»։

19 Փղապետը վկայեց, որ փղերին դեռևս գիշերն է պատրաստել։ Հրավիրվածները ևս հաստատեցին փղապետի խոսքերը։

20 Դրանից հետո թագավորը, մեղմացնելով իր կատաղությունը, ասաց. «Գնա՛ դու։ Այսօր նրանք օգտվել են իմ քնած լինելուց։ Բայց վաղն անպայման փղերը նույն կատաղության կհասցնես, որպեսզի կոտորենք այդ անօրեն հրեա ազգին»։

21 Երբ թագավորն այդ ասաց, բոլորը, ուրախությամբ լի, միաձայն հավանություն տվեցին նրա հրամանին։ Եվ որովհետև ուշ էր, միմյանցից բաժանվելով՝ ամեն մեկը գնաց իր օթևանը։

22 Բայց նրանք ոչ այնքան քնեցին, որքան ամբողջ գիշեր մտածում էին այն մասին, թե ինչ նորանոր չարչարանքներ կարելի է հասցնել տառապյալներին։

23 Երբ աքաղաղը կանչեց, փղապետն առավոտ կանուխ բերեց գինով ու խնկով գրգռված փղերին, իսկ ինքն իջնելով ընդարձակ գավիթը՝ սկսեց ճեմել։

24 Քաղաքում գտնվող բոլոր մարդիկ եկել հավաքվել էին, ուզում էին տեսնել այն ողորմելի տեսարանը, որ առավոտ շուտ սպառնում էր հրեաներին։

25 Իսկ հրեաները, ժամ առ ժամ մոտենալով օրհասին, առատ արցունքներով, խղճալի ու ողբաձայն, ձեռքերը դեպի երկինք պարզած, աղաչում էին մեծ ու ամենազոր Աստծուն, որ նորից օգնության հասնի իրենց ու փրկի սոսկալի օրհասից։

26 Արեգակն իր ճառագայթները դեռ չէր սփռել աշխարհի վրա, և մինչ թագավորը վեր կենալով ընդունում էր իր մեծամեծ հյուրերին, եկավ փղապետը, որպեսզի նրան ցույց տա, թե փղերն ինչպե՛ս են կազմ ու պատրաստ հասել մինչև հրապարակ։ Թագավորն անակնկալի եկավ.

27 զարմացել էր փղերի պատրաստության վրա։ Նա մի անգամ էլ հետաձգեց կոտորածի հրամանը՝ ասելով. «Ի՞նչ կարիք կա անիմաստ շտապելու»։ Դարձյալ միտքը փոխեց, փղապետին մեղադրեց, որ ինչ հրամայված էր, անմիջապես չէր գործադրել։

28 Այս ամենը լինում էր Ամենակալ Տիրոջ հրամանով, որ օրհասի սոսկալի մտադրությունը մոռանալ էր տվել։

29 Մոտենալով՝ փղապետը ավագանու մեծամեծներին էր վկա բերում, թե փղերը նախապես պատրաստվել, իսկ զորքը զինվել է արքայի հրամանը կատարելու համար։

30 Այն ժամանակ թագավորը լցվեց մեծ զայրույթով, և դա շնորհիվ Աստծու մեծ գթասրտության, որովհետև Նա ուզում էր թագավորի մտադրությունը վերացնել։ Թագավորը մեծ բարկությամբ ու ցասումնալից նայեց փղապետին, սկսեց խոսել ու ասաց.

31 «Եթե ձեր հայրերը, մայրերն ու որդիները ներկա լինեին, կհրամայեի նրանց քեզ հետ միասին գազաններին կեր դարձնել այդ դատապարտված անմեղ եբրայեցիների փոխարեն, որոնք ի սկզբանե անխարդախ արդարություն ու հավատարմություն են պահպանել մեր նախնիների նկատմամբ։

32 Եթե չլիներ միասին սնված ու մեծացած լինելուց բխող սերը, քո քաղցր արևն աչքերիցդ կկտրեի և քեզ, ո՜վ նենգ չարագործ, մեջտեղից կվերացնեի»։

33 Փղապետն այսպես բարեպատեհ դիպվածով մազապուրծ ազատվեց եղերական պատժից։ Նրա նախկին զվարթությունն անհետացավ, և տրտում երեսով նա հեռացավ մարդկանց միջից։

34 Թագավորի բարեկամներն էլ գլխիկոր ցրվեցին՝ հրամայելով, որ հավաքված ամբոխը յուրաքանչյուրն իր գործին գնա։

35 Երբ եբրայեցիները լսեցին թագավորի հրամանը, սկսեցին օրհնել Տիրոջը՝ մեծազոր Աստծուն, թագավորների Թագավորին, մանավանդ որ այսպիսի օգնություն էին ստացել։

36 Այն ժամանակ թագավորն անմիջապես հրամայեց հրավիրվածներին, որ վերադառնան խնջույքը շարունակելու։

37 Նա փղապետին նորից կանչեց, սպառնալով խոսեց նրա հետ ու ասաց. «Ա՜յ թշվառական, քանի՞ անգամ եմ քեզ պատվիրել, որ կազմ ու պատրաստ պահես փղերը։

38 Գոնե վաղը թող պատրաստ լինեն՝ հրեաների թշվառական ու վնասակար ազգը ոչնչացնելու համար»։

39 Երբ բոլոր նստածները լսեցին դա, առավել զարմացան թագավորի հեղհեղուկ մտքի վրա ու ասացին.

40 «Մինչև ե՞րբ, ո՜վ արքա, մինչև ե՞րբ պիտի փորձես մեզ։ Արդեն երեք անգամ հրամայում ես ոչնչացնել այդ հանդուգն ազգը, բայց անմիջապես քո իսկ հրամանը չեղյալ ես հայտարարում։

41 Դրա համար էլ բոլոր քաղաքների ժողովուրդները ավելի են վշտացել, քան հենց իրենք՝ այդ չարագործները»։

42 Մոլորված արքան այս ամենի պատճառով սկսեց վարանել, շփոթվել ու չհասկացավ, որ երկնքից է գալիս եբրայեցիների օգնությունը։ Նա նորից երդվեց իր անհաստատ երդումով ու ասաց. «Առանց որևէ բանից երկմտելու կատաղի գազաններին ոտնատակ անել պիտի տամ և դժոխք պիտի ուղարկեմ նրանց։

43 Նաև զորք պիտի հավաքեմ՝ Հուդայի երկրի վրա արշավելու, նրանց փայտակերտ շինությունները հրդեհելու, կավաշեն շինությունները ջրով քանդելու, նրանց ինչքն ու ունեցվածքը և երկրում եղածը կողոպտելու, նրանց տաճարը, որտեղ արգելում էին ինձ մտնել, կրակի մատնելու և այն հավիտյանս հեթանոսական զոհերի տան վերածելու»։

44 Հրավիրվածները, բարեկամներն ու ազգականները, լսելով այդ հաստատ որոշումը, ուրախացած գնացին։ Նրանք հրաման տվեցին զորքին՝ հաստատվել ամուր վայրերում և գիշերային հսկողություն սահմանել։

45 Իսկ փղապետը, խիստ գրգռելով գազաններին, դրանց կազմ ու պատրաստ վիճակի բերեց. կնդրուկ, խունկ ու գինի իրար խառնելով՝ խմեցրեց ու գրգռեց դիվային գազաններին

46 և վաղ առավոտյան, մինչ անթիվ բազմություն էր հավաքվել հրապարակում, եկավ մտավ արքունի սրահ ու շտապեցրեց թագավորին, որ կոտորեն կապված ժողովրդին։

47 Այն ժամանակ թագավորը ողջ զորքով ու կատաղած գազանների հետ դուրս եկավ՝ ցանկանալով իր անհագ աչքերով ու անգութ սրտով տեսնել թշվառ ժողովրդի ցավալի կոտորածը։

48 Երբ պատրաստված փղերն ու սպառազեն զինվորները հասան քաղաքի դարպասի մոտ, հրեաները լսեցին զինվորների ոտքերի դոփյունը և տեսան զենքերի փայլն ու մինչև երկինք հասնող փոշու ամպը։ Նրանց շրջապատող ամբոխն աղաղակում էր։

49 Այս ամենից նրանք կարծես կաթվածահար եղան՝ մտածելով, որ իրենց թշվառ կյանքի վերջը հասել է։ Խանդաղատանքով լցված՝ հայրերն ու մայրերը, որդիներն ու դուստրերը, քույրերն ու եղբայրները, ազգակից սիրելի բարեկամները, միմյանց պարանոցներին փաթաթված, համբուրում էին իրար։ Մայրերից ոմանք իրենց նորածին երեխաներին գրկած՝ կարծում էին, որ վերջին անգամ են կուրծք տալիս իրենց երեխաներին։

50 Մինչ այս ալեկոծության ու տագնապի մեջ հալումաշ էին լինում, հիշեցին երկնքից եկած առաջին օգնությունը և միմյանցից բաժանվելով ու մանուկների բերաններից ստինքները հանելով՝ բոլորը միասին գետնաթավալ ընկան մեծ Աստծու առաջ

51 և բարձրաձայն ու ողբագին լացով աղաչում էին ամենազոր Ամենակալին, որ մեծ ողորմությամբ գթա և փրկի հուսալքվածներին ու դժոխքի դուռը հասածներին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia