Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


Ա ԵԶՐԱՍ 4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Ա ԵԶՐԱՍ 4

Թագավորի գովքի ճառը

1 Ապա սկսեց խոսել երկրորդը, որ գրել էր թագավորի հզորության մասին։

2 «Ո՜վ այրեր, արդյո՞ք հզոր չեն մարդիկ և չեն տիրում ծովի ու ցամաքի և նրանց մեջ եղած ամեն ինչի վրա։

3 Իսկ թագավորն ավելի հզոր է, քանի որ տիրում է ողջ երկրին ու մարդկանց և ինչ որ ասում կամ հրամայում է, անմիջապես կատարում են.

4 եթե հրամայի կռվել միմյանց դեմ, չեն համարձակվի անտեսել նրա խոսքը։ Եվ եթե նրանց ուղարկի թշնամիների դեմ պատերազմի, անմիջապես գնալով՝ կանեն ամեն ինչ՝ տիրելու լեռներ, պարիսպներ և աշտարակներ։

5 Կսպանեն ու կմեռնեն, սակայն թագավորի հրամանը չեն կարող անտեսել, իսկ երբ հաղթեն, ողջ բարիքը կբերեն թագավորին։

6 Իսկ նրանք, ովքեր զորական չեն և չեն պատերազմում, այլ մշակում են երկիրը, երբ սերմանում ու հնձում են, իրենց արդյունքը բերում են թագավորին, մեկը մյուսին ստիպում է հարկեր հավաքել թագավորի համար։

7 Եվ թագավորը միակ հզոր իշխողն է բոլորի վրա, եթե հրամայի սպանել, կսպանեն, ապրեցնել՝ կապրեցնեն,

8 շինել՝ կշինեն, քանդել՝ կքանդեն,

9 տնկել՝ կտնկեն։

10 Ողջ աշխարհը հնազանդվում է թագավորի զորությանն ու հրամանին։

11 Արքան անում է այն, ինչ ուզում է. նա հանգիստ է վայելում, բազմում, ուտում, խմում և քուն մտնում, իսկ մյուս բոլորը շրջապատած պահպանում են նրան, լսում նրա հրամանը և չեն համարձակվում որևէ տեղ գնալ և կամ գործել ըստ իրենց կամքի՝ չհանդգնելով անտեսել թագավորի հրամանը։

12 Արդ, ո՜վ մարդիկ, ինչպե՞ս թագավորը հզոր չէ, որի հրամանի խոսքը այսչափ հզոր կերպով իշխում է բոլորի վրա»։ Եվ այս ասելով՝ լռեց։

Կնոջ գովքի ճառը

13 Իսկ երրորդը, այսինքն՝ Զորաբաբելը, որ գրել էր կանանց և ճշմարտության հզորության մասին, սկսեց խոսել և ասաց.

14 «Ո՜վ այրեր, եթե մեծ է թագավորը կամ շատ այլ մարդիկ, և եթե հզոր է գինին, այդ դեպքում ո՞վ է, որ հաղթում և տիրում է բոլորի վրա, ո՞չ արդյոք կանայք։

15 Որովհետև կանայք են, որ ծնում են թագավորներին, և բոլոր մարդիկ, որ տիրում են ծովին ու ցամաքին,

16 նրանցից են ծնվում. կանայք են ծնել ու սնուցել մշակներին, որ այգիներ են տնկում, որտեղից և լինում է գինին։

17 Նրանք են, որ պատրաստում են տղամարդկանց հագուստները, որոնցով զարդարվում ու փառավորվում են մարդիկ, և մարդիկ չեն կարող ապրել առանց նրանց։

18 Եվ եթե հավաքեն ոսկի և արծաթ և այլ բարիքներ, մի գեղեցիկ կին տեսնելով՝

19 կդառնան դեպի նա և բերանբաց կնայեն նրան ու իրենց ողջ կամքով նրան ավելի կսիրեն քան ոսկին և արծաթը և մյուս բարիքները։

20 Թողնելով իր հորն ու մորը, որ ծնել ու սնել են իրեն, նաև իր երկիրը՝ մարդ գնում է իր կնոջ հետևից։

21 Եվ այդպես միանալով՝ ոգեխառնվում է նրա հետ՝ մինչև իսկ չհիշելով իր հորն ու մորը և իր հայրենիքը։

22 Սրանից դուք պետք է իմանաք, որ ձեզ վրա տիրում են ձեր կանայք, որովհետև ձեր աշխատանքի բոլոր արդյունքները բերում տալիս եք նրանց։

23 Երբ մարդ, վերցրած իր սուրը, գնում է հեռու ճանապարհ, որևէ բան շահում կամ հափշտակում և գողանում, կամ ծովի ու գետի վրա նավարկելով,

24 գազանների հանդիպում և խավարում խարխափում, գողանալով, հափշտակելով և բոլոր նեղությունների միջով անցնելով՝ իր ողջ վաստակը բերում տալիս է իր կնոջը։

25 Որովհետև տղամարդն իր կնոջը ավելի է սիրում, քան իր հորը և մորը։

26 Շատերը խելագարվեցին և իրենց կանանց պատճառով ստրկության մեջ ընկան։

27 Շատերը կորստյան մատնվեցին, մեռան ու սպանվեցին, կանանց պատճառով սխալվելով՝ մեծամեծ մեղքերի մեջ ընկան։

28 Եվ այժմ ինձ չե՞ք հավատում. մի՞թե մեծ թագավորը անձնիշխան չէ, և մարդկանցից ոչ ոք չի համարձակվում նրան մոտենալ։

29 Բայց ահա ես տեսել եմ, թե ինչպես թագավորի հարճի դուստրը նստել էր թագավորի աջ կողմում

30 և վերցնելով նրա գլխից թագը՝ դնում էր իր գլխին ու ապտակում թագավորին,

31 իսկ թագավորը այդ բանի համար բնավ չէր բարկանում, այլ բերանը բացած նայում էր նրան. երբ նա ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում, իսկ երբ տրտմում էր, թագավորը ողոքիչ խոսքեր էր ասում, մինչև որ նրա սիրտը շահեր։

32 Արդ, ո՜վ այրեր, ինչպե՞ս հզոր չեն կանայք, որ կարողանում են այս ամենն անել»։

Ճշմարտության գովքի ճառը

33 Այնժամ թագավորն ու նրա մեծամեծները սկսեցին նայել միմյանց։

34 Իսկ Զորաբաբելն սկսեց խոսել ճշմարտության մասին և ասաց. «Ո՜վ այրեր, արդյո՞ք հզոր չեն կանայք։ Մեծ է երկիրը և բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, որովհետև արշավելով երկնի կամարաձև խորանի տակով՝ մի օրում դարձյալ արագորեն սլանում հասնում է իր տեղը։

35 Իսկ նա, որ ստեղծել է այս ամենը, մի՞թե ավելի մեծ չէ։ Արդարև, ճշմարտությունը մեծ և հզոր է ամեն ինչից։

36 Ողջ երկիրն ապավինում է ճշմարտությանը, և երկինքը օրհնում է ճշմարտությունը, նրա առջև հալվում և դողում է ամեն ինչ, և ճշմարտության մեջ ոչ մի անիրավություն չկա։

37 Անիրավ է գինին, անիրավ է թագավորը, անիրավ են նաև կանայք, անիրավ են նաև մարդկանց բոլոր որդիները, անիրավ են նաև նրանց բոլոր գործերը, նրանց մեջ ճշմարտություն չկա, և կորչելու են իրենց անիրավության մեջ։

38 Իսկ ճշմարտությունը կա և կմնա հավիտյան հզոր. կենդանի է նա և իշխանություն ունի հավիտյանս հավիտենից։

39 Նրա մեջ կողմնակալություն գոյություն չունի, նա երբեք չի փոխվում, այլ գործում է արդարությամբ. նրանից մերժված են անիրավությունն ու չարությունը, ճշմարտության բոլոր գործերը հաճելի են ամենքին։ Նրա դատաստանում անիրավություն չկա,

40 որովհետև ճշմարտությունն է թագավորների հզորությունը, իշխանությունն ու մեծությունը, օրհնյա՜լ է ճշմարտության Աստվածը»։

41 Եվ այս ասելով՝ դադարեց խոսելուց։ Եվ ողջ ժողովուրդն այնժամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Մեծ է ճշմարտությունը, հաղթող և հզոր»։

Թագավորի պատասխանը

42 Ապա թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ցանկանում ես, և ես ավելին կտամ, քան այն, ինչ գրված է, որովհետև բոլորից ավելի իմաստուն գտնվեցիր։ Նստի՛ր իմ երկրորդ աթոռին և իմ ազգակա՛նը անվանվիր»։

43 Այնժամ Զորաբաբելը թագավորին ասաց. «Հիշի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր Երուսաղեմի շինության համար, այն օրը, երբ ստացար քո թագավորությունը.

44 դու ասացիր, որ պիտի վերադարձնես Երուսաղեմի ողջ սպասքը, որն արդեն առանձնացրել էր Կյուրոսը, երբ գրավել էր Բաբելոնը, և ուխտել էր վերադարձնել Տիրոջ սպասքը։

45 Դու ևս, արքա՛, ուխտեցիր կառուցել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդովմացիները, երբ քաղդեացիները Հուդայի երկիրը անապատ դարձրին։

46 Այժմ աղաչում եմ, իմ տե՛ր և թագավո՛ր, և խնդրում եմ քեզանից, այս մեծ պարգևը շնորհի՛ր ինձ. դրա համար աղաչում եմ քեզ, կատարի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր երկնավոր թագավորին, արա՛ այնպես, ինչպես որ ելավ քո բերանից»։

47 Այն ժամանակ Դարեհ թագավորը ոտքի կանգնելով համբուրեց Զորաբաբելին և նրան նամակներ տվեց՝ ուղղված բոլոր գավառապետներին, տեղապահներին, զորագլուխներին և նախարարներին, որ նրան ու նրա հետ եղողներին ճանապարհեն Երուսաղեմը կառուցելու։

48 Եվ Ստորին Ասորիքի, Փյունիկեի ու Լիբանանի բոլոր կուսակալներին նամակ գրեց, որ Լիբանանից մայրի փայտեր իջեցնեն Երուսաղեմ և Զորաբաբելի հետ քաղաքը կառուցեն։

49 Գրեց նաև իր թագավորության մեջ գտնվող բոլոր հրեաներին և նրանց ազատեց հարկերից։ Բոլոր զորականներին, նախարարներին, կուսակալներին ու գավառապետներին ասաց. «Թող ոչ ոք հարկի համար նրանց դռանը չմոտենա,

50 նրանց բոլոր կալվածքները անհարկատու և ազատ պետք է լինեն և եդովմացիները գլխովին պետք է հեռանան այն գյուղերից ու վայրերից, որ հրեաներից են վերցրել։

51 Եվ տաճարի շինության համար թող արքունիքից տարեկան քսան տաղանդ տրվի, մինչև տաճարը կառուցվի։

52 Օրենքում գրվածի համաձայն՝ ամեն օր ողջակեզի սեղանին տասնյոթ զոհ մատուցելու համար թող տարեկան տասը տաղանդ ևս տրվի։

53 Եվ բոլորը, որ ելնելու են Երուսաղեմ քաղաքը շինելու, թող ազատներ դառնան և անհարկատու, ինչպես իրենք, այնպես էլ իրենց ազգակիցներն ու բոլոր քահանաները»։

54 Եվ հրամայեց գրել նաև, որ քահանաներին ռոճիկ ու պատմուճան տրվի՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար։

55 Գրեց նաև, որ ղևտացիներին ևս ռոճիկ տրվի մինչև այն օրը, երբ Տիրոջ տաճարը կառուցվի և Երուսաղեմը շինվի։

56 Եվ բոլոր նրանց, որ պահպանում էին քաղաքը, հրամայեց ժառանգական կալվածք ու ռոճիկ տալ։

57 Եվ ուղարկեց տաճարի ողջ սպասքը, որ Կյուրոսն առանձնացրել էր Բաբելոնից, և այն ամենը, որ ասել էր Կյուրոսը, Դարեհը նույնությամբ կատարեց ու Տիրոջ ողջ սպասքը տվեց տանելու։

58 Երբ Զորաբաբելը դուրս եկավ թագավորի մոտից, ձեռքերը պարզեց դեպի երկինք՝ Երուսաղեմի կողմը, և օրհնեց Տիրոջը՝ երկնքի թագավորին՝ ասելով.

59 «Քեզանից է հաղթությունը, քեզանից է իմաստությունը, քեզ է վայել փառքը. ես քո ծառան եմ

60 և օրհնում եմ քեզ, որ ինձ իմաստություն տվեցիր։ Գոհություն եմ մատուցում քեզ, մեր հայրերի՛ Աստված»։

61 Ապա առնելով նամակները և ճանապարհ ընկնելով՝ եկավ մտավ Բաբելոն ու ամեն ինչ պատմեց իր եղբայրներին։

62 Իսկ նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, որովհետև նրանց ազատություն և թողություն շնորհեց՝

63 ելնելու և կառուցելու Երուսաղեմն ու Տիրոջ տաճարը, որ կրում է նրա անունը։ Յոթ օր մեծ ուրախություն արեցին զանազան նվագարաններով հանդերձ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia