Մատթեոսի Աւետարան 26 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ եղեւ իբրեւ կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, ասէ ցաշակերտսն իւր. 2 Գիտէք զի յետ երկուց աւուրց զատիկ լինի, եւ Որդի մարդոյ մատնի ի խաչ ելանել։ ՎՋ. 3 Յայնժամ ժողովեցան քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք ժողովրդեանն ի սրահ քահանայապետին որում անուն էր Կայիափա. 4 եւ արարին խորհուրդ զի նենգութեամբ կալցին զՅիսուս եւ սպանցեն։ 5 Բայց ասէին թէ՝ Մի՛ ի տօնի աստ, զի մի՛ խռովութիւն լինիցի ի ժողովրդեանն։ 6 Իբրեւ եկն Յիսուս ի Բեթանիա ի տուն Սիմովնի բորոտի, 7 մատեաւ առ նա կին մի որ ունէր շիշ իւղոյ ծանրագնի, եւ թափեաց ի գլուխ նորա ի բազմականին։ 8 Իբրեւ տեսին աշակերտքն, բարկացան եւ ասեն. Ընդէ՞ր է կորուստդ այդ իւղոյդ. 9 զի մարթ էր վաճառել զդա մեծագնի եւ տալ աղքատաց։ 10 Գիտաց Յիսուս եւ ասէ ցնոսա. Զի՞ աշխատ առնէք զկինդ, գործ մի բարի գործեաց դա յիս։ 11 Յամենայն ժամ զաղքատս ընդ ձեզ ունիք, բայց զիս ոչ հանապազ ընդ ձեզ ունիք։ 12 Արկանել դորա զեւղդ ի մարմին իմ՝ առ ի թաղելոյ զիս նշանակեաց։ 13 Բայց ամէն ասեմ ձեզ, զի ուր եւ քարոզեսցի աւետարանս այս ընդ ամենայն աշխարհ, խօսեսցի եւ զոր արար դա ի յիշատակ դորա։ 14 Յայնժամ գնաց մի յերկոտասանիցն անուանեալ Յուդա Իսկարիովտացի առ քահանայապետսն, եւ ասէ. 15 Զի՞նչ կամիք տալ ինձ, եւ ես մատնեցից զնա ձեզ։ Եւ նոքա կշռեցին նմա երեսուն արծաթի։ 16 Եւ յայնմ հետէ խնդրէր պարապ զի մատնեսցէ զնա նոցա։ 17 Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. Ո՞ւր կամիս զի պատրաստեսցուք քեզ ուտել զզատիկն։ 18 Եւ նա ասէ ցնոսա. Երթայք ի քաղաքն առ այս անուն եւ ասացէք ցնա. Վարդապետ ասէ. Ժամանակ իմ մերձեալ է, առ քեզ առնեմ զզատիկն աշակերտօքս հանդերձ։ 19 Եւ արարին աշակերտքն որպէս հրամայեաց նոցա Յիսուս, եւ պատրաստեցին զզատիկն։ 20 Եւ իբրեւ երեկոյ եղեւ, կայր բազմեալ ընդ երկոտասան աշակերտսն։ 21 Եւ մինչդեռ ուտէին նոքա, ասէ. Ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։ 22 Եւ տրտմեցան յոյժ, սկսան ասել ցնա իւրաքանչիւր ոք ի նոցանէ. Միթէ ե՞ս իցեմ, Տէր։ 23 Նա պատասխանի ետ եւ ասէ. Որ մխեաց ընդ իս զձեռն իւր ի սկաւառակն՝ նա մատնելոց է զիս։ 24 Որդի մարդոյ երթայ, որպէս եւ գրեալ է վասն նորա, բայց վա՜յ մարդոյն այնմիկ յոյր ձեռն Որդի մարդոյ մատնեսցի. լաւ էր նմա թէ չէր ծնեալ մարդն այն։ 25 Պատասխանի ետ Յուդա որ մատնելոցն էր զնա եւ ասէ. Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ։ Ասէ ցնա. Դու ասացեր։ 26 Եւ մինչդեռ ուտէին նոքա, առ Յիսուս հաց, օրհնեաց եւ եբեկ, եւ ետ աշակերտացն եւ ասէ. Առէք, կերայք, այս է մարմին իմ։ 27 Եւ առեալ բաժակ գոհացաւ, ետ նոցա եւ ասէ. Արբէք ի դմանէ ամենեքին. 28 զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղու ի թողութիւն մեղաց։ 29 Բայց ասեմ ձեզ. Ոչ եւս արբից յայսմ հետէ ի բերոյ որթոյ մինչեւ ցօրն ցայն, յորժամ արբից զդա ընդ ձեզ նոր յարքայութեան Հօր իմոյ։ 30 Եւ օրհնեցին, եւ ելին ի լեառն Ձիթենեաց։ 31 Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Ամենեքին դուք գայթակղելոց էք յինէն յայսմ գիշերի. զի գրեալ է թէ՝ Հարից զհովիւն եւ ցրուեսցին ոչխարք հօտին։ 32 Եւ յետ յառնելոյն իմոյ յառաջեցից քան զձեզ ի Գալիլեա։ 33 Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցնա. Թէպէտ եւ ամենեքեան գայթակղեսցին ի քէն, սակայն ես ոչ գայթակղեցայց։ 34 Ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ զի յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։ 35 Ասէ ցնա Պետրոս. Թէ եւ մեռանել հասանիցէ ընդ քեզ, զքեզ ոչ ուրացայց։ Նոյնպէս եւ ամենայն աշակերտքն ասէին։ 36 Յայնժամ գայ Յիսուս ընդ նոսա ի գեղ մի որում անուն էր Գեթսեմանի, եւ ասէ ցնոսա. Նստարուք այդր, մինչեւ երթայց կացից յաղօթս։ 37 Եւ առեալ ընդ իւր զՊետրոս եւ զերկուս որդիսն Զեբեդեայ՝ սկսաւ տրտմել եւ հոգալ։ 38 Յայնժամ ասէ ցնոսա. Տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ, կացէք աստ եւ սկեցէք ընդ իս։ 39 Եւ մատուցեալ յառաջ սակաւիկ մի, անկաւ ի վերայ երեսաց իւրոց, կաց յաղօթս եւ ասէ. Հայր իմ, եթէ հնար է, անցցէ բաժակս այս յինէն. բայց ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ 40 Գայ առ աշակերտսն, եւ գտանէ զնոսա ի քուն, եւ ասէ ցՊետրոս. Այդպէս ո՞չ կարացէք մի ժամ արթուն կալ ընդ իս։ 41 Արթուն կացէք եւ աղօթս արարէք զի մի՛ անկանիցիք ի փորձութիւն. հոգիս յօժար է, բայց մարմինս տկար։ 42 Դարձեալ երկրորդ անգամ չոգաւ, եկաց յաղօթս Յիսուս եւ ասէ. Հայր իմ, եթէ հնար իցէ՝՝ անցանել յինէն բաժակիս այսմիկ, ապա թէ ոչ՝ արբից զսա՝՝, եղիցին կամք քո։ 43 Եւ եկեալ միւսանգամ եգիտ զնոսա ի քուն, զի էին աչք իւրեանց ծանրացեալք։ 44 Եթող զնոսա եւ գնաց, կաց յաղօթս երրորդ անգամ, եւ դարձեալ զնոյն բան ասաց։ 45 Յայնժամ գայ առ աշակերտսն եւ ասէ ցնոսա. Ննջեցէք այսուհետեւ եւ հանգերուք, զի ահա հասեալ է ժամ, եւ Որդի մարդոյ մատնի ի ձեռս մեղաւորաց։ 46 Արիք, երթիցուք աստի, զի ահաւասիկ եհաս որ մատնելոցն է զիս։ 47 Եւ մինչդեռ նա զայն խօսէր, ահա Յուդա, մի յերկոտասանիցն եկն, եւ ընդ նմա ամբոխ բազում սրովք եւ բրօք ի քահանայապետիցն եւ ի ծերոց ժողովրդեանն։ 48 Եւ որ մատնելոցն էր զնա՝ ետ նոցա նշան եւ ասէ. Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք։ 49 Եւ վաղվաղակի մատուցեալ առ Յիսուս՝ ասէ. Ողջ եր, վարդապետ։ Եւ համբուրեաց ընդ նմա։ 50 Եւ Յիսուս ասէ ցնա. Ընկեր, վասն որո՞յ եկիրդ։ Յայնժամ մատուցեալ արկին ձեռս ի Յիսուս եւ կալան զնա։ 51 Եւ ահա մի ոմն յայնցանէ որ էին ընդ Յիսուսի՝ ձգեաց զձեռն եւ եհան զսուր իւր եւ եհար զծառայ քահանայապետին, եւ ի բաց եհան զունկն նորա։ 52 Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Դարձո զսուր քո ի տեղի իւր, զի ամենեքեան որ սուր առնուցուն՝ սրով անկանիցին։ 53 Թէ համարիցիս թէ ո՞չ կարիցեմ աղաչել զՀայր իմ, եւ հասուցանիցէ ինձ այժմ այսր աւելի քան զերկոտասան գունդս հրեշտակաց։ 54 Այլ զիա՞րդ լնուցուն գիրք թէ այսպէս պարտ է լինել։ 55 Յայնժամ ասաց Յիսուս ցամբոխն. Իբրեւ ի վերայ աւազակի՞ ելէք սուսերօք եւ բրօք ունել զիս. հանապազ առ ձեզ ի տաճարին նստէի եւ ուսուցանէի, եւ ոչ կալայք զիս։ 56 Այլ այս ամենայն եղեւ զի լցցին գիրք մարգարէիցն։ Յայնժամ աշակերտքն ամենեքին թողին զնա եւ փախեան։ 57 Իսկ նոցա կալեալ զՅիսուս՝ ածին առ Կայիափա քահանայապետ, ուր դպիրքն եւ ծերք ժողովեալ էին։ 58 Եւ Պետրոս զհետ նորա երթայր բացագոյն մինչեւ ի սրահ քահանայապետին, եւ մտեալ ի ներքս՝ նստէր ընդ սպասաւորսն տեսանել զկատարածն։ 59 Իսկ քահանայապետքն եւ ամենայն ատեանն խնդրէին սուտ վկայութիւն զՅիսուսէ, զի սպանցեն զնա. 60 եւ ոչ գտանէին ի բազմաց սուտ վկայիցն մատուցելոց. յետոյ մատուցեալ երկու սուտ վկայք, 61 ասէին թէ՝ Սա ասէր. Կարող եմ քակել զտաճարն Աստուծոյ, եւ զերիս աւուրս շինել։ 62 Եւ յարուցեալ քահանայապետն ասէ ցնա. Չտա՞ս ինչ պատասխանի, զի՞նչ դոքա ամբաստանեն զքէն։ 63 Եւ Յիսուս լուռ կայր։ Պատասխանի ետ քահանայապետն եւ ասէ ցնա. Երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած կենդանի, զի ասասցես մեզ՝ թէ դո՞ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ։ 64 Ասէ ցնա Յիսուս. Դու ասացեր. բայց ասեմ ձեզ. Յայսմ հետէ տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեանն եւ եկեալ ընդ ամպս երկնից։ 65 Յայնժամ քահանայապետն պատառեաց զհանդերձս իւր, եւ ասէ. Հայհոյեաց, զի՞ եւս պիտոյ են մեզ վկայք, ահա արդ լուայք զհայհոյութիւն դորա. 66 զի՞նչ հաճոյ է ձեզ։ Նոքա պատասխանի ետուն եւ ասեն. Մահապարտ է։ 67 Յայնժամ թքին ընդ երեսս նորա եւ կռփեցին զնա, եւ ոմանք ապտակեցին, եւ ասեն. 68 Մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է որ եհարն զքեզ։ 69 Իսկ Պետրոս նստէր արտաքոյ ի գաւթին. մատեաւ առ նա աղախին մի եւ ասէ. Եւ դու ընդ Յիսուսի Գալիլեացւոյ էիր։ 70 Նա ուրացաւ առաջի ամենեցուն եւ ասէ թէ՝ Ոչ գիտեմ զինչ խօսիսդ։ 71 Եւ իբրեւ ել նա արտաքս քան զդուռնն, ետես զնա այլ կին մի, եւ ասէ ցայնոսիկ որ անդն կային. Եւ սա ընդ Յիսուսի Նազովրեցւոյ էր։ 72 Եւ դարձեալ ուրացաւ երդմամբ թէ՝ Ոչ գիտեմ զայրն։ 73 Եւ յետ սակաւ միոյ մատուցեալ որք կայինն անդ՝ ասեն ցՊետրոս. Արդարեւ եւ դու ի նոցանէ ես, քանզի եւ խօսք քո յայտ առնեն զքեզ։ 74 Յայնժամ սկսաւ նզովել եւ երդնուլ թէ՝ Ոչ գիտեմ զայրն։ Եւ իսկոյն հաւ խօսեցաւ։ 75 Եւ յիշեաց Պետրոս զբանն Յիսուսի զոր ասաց թէ՝ Մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։ Եւ ելեալ արտաքս՝ ելաց դառնապէս։ |