ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ էին մերձ առ նա ամենայն մաքսաւորք եւ մեղաւորք լսել ի նմանէ։ 2 Տրտնջէին փարիսեցիքն եւ դպիրք եւ ասէին. Ընդէ՞ր սա զմեղաւորս ընդունի եւ ուտէ ընդ նոսա։ 3 Ասաց առ նոսա զառակս զայս։ 4 Ո՞վ ոք իցէ ի ձէնջ մարդ որոյ իցէ հարեւր ոչխար, եւ կորուսանիցէ մի ի նոցանէ, ո՞չ թողուցու զիննսուն եւ զինն յանապատի, եւ երթիցէ զհետ կորուսելոյն, մինչեւ գտանիցէ զնա։ 5 Եւ իբրեւ գտանէ, դնէ զնա ի վերայ ուսոց իւրոց խնդալով, 6 եւ երթայ ի տուն, կոչէ զբարեկամս եւ զդրացիս, եւ ասէ ցնոսա. Ուրախ եղերուք ընդ իս, զի գտի զոչխարս իմ զկորուսեալ։ 7 Ասեմ ձեզ, զի՝ Այսպէս է ուրախութիւն յերկինս վասն միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ՝ քան վասն իննսուն եւ ինն արդարոց որոց չիցէ պիտոյ ապաշխարութիւն։ 8 Կամ ո՞վ իցէ կին, որոյ իցեն դրամք տասն. եւ եթէ կորուսանիցէ դրամ մի, ո՞չ լուցանիցէ ճրագ եւ ածիցէ աւել ի տան, եւ խնդրիցէ ստէպ, մինչեւ գտանիցէ։ 9 Եւ իբրեւ գտանէ, կոչէ զբարեկամս եւ զդրացիս եւ ասէ. Ուրախ լերուք ընդ իս, զի գտի զդրամն իմ զոր կորուսի։ 10 Այնպէս, ասեմ ձեզ, ուրախութիւն եղիցի առաջի հրեշտակաց Աստուծոյ ի վերայ միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ։ 11 Եւ ասէ. Առն միոջ էին երկու որդիք. 12 ասէ կրտսերն ի նոցանէ ցհայրն. Հայր, տուր ինձ բաժին, որ անկանի յընչիցդ։ Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն։ 13 Եւ յետ ոչ բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի. եւ անդ վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ։ 14 Եւ իբրեւ սպառեաց զամենայն եղեւ սով սաստիկ յաշխարհին յայնմիկ, եւ սկսաւ ինքն չքաւորել։ 15 Եւ գնացեալ յարեցաւ ի մի ոմն քաղաքացւոց աշխարհին այնորիկ. եւ յղեաց զնա յագարակ իւր արածել խոզս։ 16 Եւ ցանկայր լնուլ զորովայն իւր յեղջերէն զոր խոզքն ուտէին, եւ ոչ ոք տայր նմա։ 17 Եւ եկեալ ի միտս իւր՝ ասէ. Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, եւ ես աստ սովամահ կորնչիմ։ 18 Յարուցեալ գնացից առ հայր իմ եւ ասացից ցնա. Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո, 19 եւ ոչ եւս եմ արժանի կոչել որդի քո. արա զիս իբրեւ զմի ի վարձկանաց քոց։ 20 Եւ յարուցեալ եկն առ հայր իւր. եւ մինչդեռ հեռագոյն էր, ետես զնա հայրն եւ գթացաւ. յարեաւ եւ ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա, եւ համբուրեաց զնա։ 21 Եւ ասէ ցնա որդին. Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո, ոչ եւս եմ արժանի կոչել որդի քո։ 22 Ասէ հայրն ցծառայսն իւր. Վաղվաղակի հանէք զպատմուճանն առաջին եւ ագուցէք նմա, եւ տուք զմատանին ի ձեռս նորա, եւ կօշիկս յոտս նորա. 23 եւ ածէք զեզն պարարակ, զենէք, կերիցուք եւ ուրախ լիցուք. 24 զի այս որդի իմ մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ էր եւ գտաւ. եւ սկսան ուրախ լինել։ 25 Եւ էր երէց որդի նորա յագարակի. եւ մինչդեռ գայր եւ մերձ եղեւ ի տունն, լուաւ զձայն երգոց եւ զպարուց. 26 եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝ հարցանէր թէ զի՞նչ իցէ այն։ 27 Եւ նա ասէ ցնա. Զի եղբայր քո եկեալ է, եւ եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա։ 28 Բարկացաւ եւ ոչ կամէր մտանել, եւ հայրն ելեալ արտաքս՝ աղաչէր զնա։ 29 Պատասխանի ետ եւ ասէ ցհայրն. Այսքանի ամք են, զի ծառայեմ քեզ, եւ երբեք զպատուիրանաւ քով ոչ անցի. ուլ մի երբեք ոչ ետուր ինձ զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ։ 30 Յորժամ եկն որդիդ քո այդ որ եկեր զկեանս քո ընդ պոռնիկս, զեներ դմա զեզն պարարակ։ 31 Եւ ասէ ցնա. Որդեակ, դու հանապազ ընդ իս ես, եւ ամենայն որ ինչ իմ է՝ քո է. 32 այլ ուրախ լինել եւ խնդալ պարտ էր, զի եղբայր քո այս մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ՝ եւ գտաւ։ |