ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԵԷ. 1 Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր ի ծնէ. 2 եւ հարցին ցնա աշակերտքն նորա եւ ասեն. Ռաբբի, ո՞յր վնաս է, սորա՞ թէ հօր եւ մօր իւրոյ, զի կոյր ծնցի։ 3 Պատասխանի ետ Յիսուս. Ոչ դորա վնաս է, եւ ոչ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա։ 4 Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ. գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել։ 5 Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի։ 6 Զայս իբրեւ ասաց, եթուք ի գետին եւ արար կաւ ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ի վերայ աչաց կուրին. 7 եւ ասէ ցնա. Երթ, լուա յաւազանին Սիլովամայ, (որ թարգմանի Առաքեալ.) չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէր։ 8 Իսկ դրացիքն եւ որոց տեսեալն էր զնա յառաջագոյն թէ մուրացիկ էր՝ ասէին. Ո՞չ սա էր որ նստէրն եւ մուրանայր։ Կէսքն ասէին. Նա է։ 9 Այլքն ասէին. Ոչ, այլ՝՝ նման է նմա։ Եւ ինքն ասէր թէ՝ Ես եմ։ 10 Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո։ 11 Նա ետ պատասխանի. Այր մի որում Յիսուսն ասեն՝ կաւ արար եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. Երթ ի Սիլովամ եւ լուա. չոգայ, լուացայ եւ տեսանեմ։ 12 Ասեն ցնա. Ո՞ւր է նա։ Ասէ ցնոսա. Ոչ գիտեմ։ 13 Ածին առ փարիսեցիսն զնա որ երբեմն կոյրն էր։ 14 Եւ էր շաբաթ, յորժամ զկաւն արար Յիսուս, եւ եբաց զաչս կուրին։ 15 Դարձեալ հարցանէին զնա եւ փարիսեցիքն թէ՝ Զիա՞րդ տեսանես։ Եւ նա ասէ ցնոսա. Կաւ եդ ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ եւ տեսանեմ։ 16 Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ի մէջ նոցա։ 17 Ասեն դարձեալ ցկոյրն. Դու զի՞ ասես վասն նորա զի եբաց զաչս քո։ Եւ նա ասէր թէ՝ Մարգարէ է։ 18 Եւ ոչ հաւատային Հրեայքն զնմանէ թէ կոյր էր եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնողս բացելոյն. 19 հարցին ցնոսա եւ ասեն. Սա՞ է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կոյր ծնաւ, արդ զիա՞րդ տեսանէ։ 20 Պատասխանի ետուն նոցա ծնողքն նորա եւ ասեն. Գիտեմք զի սա է որդին մեր, եւ զի կոյր ծնաւ. 21 բայց զիա՛րդ այժմդ տեսանէ, ոչ գիտեմք. կամ թէ ո՛վ եբաց զաչս դորա, մեք ոչ գիտեմք. ցդա իսկ հարցէք, ինքնին ի չափ հասեալ է, ինքն իսկ խօսեսցի վասն իւր։ 22 Զայս ասացին ծնողքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցի զնա Քրիստոս, ի բաց կացցէ ի ժողովրդենէն։ 23 Վասն այնորիկ ասացին ծնողքն նորա թէ՝ Ինքնին ի չափ հասեալ է, ցնա իսկ հարցէք։ 24 Դարձեալ կրկին անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. Տուր փառս Աստուծոյ. մեք գիտեմք զի այրն այն մեղաւոր է։ 25 Եւ նա ասէ. Թէ մեղաւոր իցէ, ես ոչ գիտեմ. բայց զայս գիտեմ, զի կոյր էի եւ արդ տեսանեմ։ 26 Դարձեալ ասեն ցնա. Զի՞նչ արար քեզ, զիա՞րդ եբաց զաչս քո։ 27 Պատասխանի ետ նոցա. Այժմ ասացի ձեզ եւ ոչ լուարուք. զի՞ կամիք միւսանգամ լսել. միթէ եւ դո՞ւք կամիք աշակերտել նմա։ 28 Նոքա հայհոյէին զնա եւ ասէին. Դու լիջիր նորա աշակերտ, մեք Մովսիսի աշակերտք եմք։ 29 Մեք գիտեմք զի ընդ Մովսիսի խօսեցաւ Աստուած, զսա ոչ գիտեմք ուստի՛ իցէ։ 30 Պատասխանի ետ այրն եւ ասէ ցնոսա. Այդ իսկ են սքանչելիք, զի դուք ոչ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբաց։ 31 Գիտեմք զի Աստուած մեղաւորաց ոչ լսէ, բայց եթէ աստուածապաշտ ոք իցէ եւ զկամս նորա առնիցէ, նմա լսէ։ 32 Ի յաւիտենից ոք ոչ լուաւ եթէ եբաց ոք զաչս կուրի ի ծնէ կոյր ծնելոյ։ 33 Եթէ ոչ յԱստուծոյ էր այրն այն, ոչ կարէր առնել ինչ։ 34 Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։ 35 Լուաւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա, ասէ ցնա. Դու հաւատա՞ս յՈրդի Աստուծոյ։ 36 Նա պատասխանի ետ եւ ասէ. ՏԷր, ո՞վ է զի հաւատացից ի նա։ 37 Ասէ ցնա Յիսուս. Ե՛ւ տեսեր զնա, ե՛ւ որ խօսիդ ընդ քեզ՝ նա է։ 38 Եւ նա ասէ. Հաւատամ, Տէր։ Եւ երկիր եպագ նմա։ ԶԿ. 39 Եւ ասէ Յիսուս. Ի դատաստան եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցեն, եւ որք տեսանենն՝ կուրասցին։ 40 Լուան ոմանք ի փարիսեցւոցն որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. Միթէ եւ մե՞ք կոյրք իցեմք։ 41 Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք, ոչ էր ձեր մեղ. բայց արդ ասէք եթէ՝ Տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են։ |