ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր, իսկ Յիսուս գնաց ի լեառն Ձիթենեաց։ 2 Եւ ընդ առաւօտսն դարձեալ եկն ի տաճարն, եւ գայր առ նա ամենայն ժողովուրդն, եւ նստեալ ուսուցանէր զնոսա։ 3 Ածին առ նա դպիրքն եւ քահանայապետքն՝՝ եւ փարիսեցիք կին մի ըմբռնեալ ի շնութեան. եւ կացուցեալ զնա առաջի, 4 ասեն ցնա. Վարդապետ, կինս այս ըմբռնեալ՝ ինքն յայտնապէս շնացեալ է։ 5 Եւ յօրէնսն Մովսէս մեզ պատուիրեաց զայսպիսիս քարկոծել. արդ դու զի՞նչ ասես վասն դորա։ 6 Զայս ասէին փորձելով զնա, զի ունիցին ամբաստանութիւն զնմանէ. իսկ Յիսուս ի խոնարհ նայելով գրէր մատամբն յերկրի։ 7 Իսկ իբրեւ ստիպեցին հարցանելով ցնա, հայեցեալ ի վեր՝ ասէ ցնոսա. Անմեղն ի ձէնջ նախ նա ընկեսցէ քար ի վերայ դորա։ 8 Եւ դարձեալ ի խոնարհ նայելով գրէր յերկրի։ 9 Եւ լուեալ ելանէին՝՝ մի ըստ միոջէ, սկսեալ յառաջնոցն մինչեւ ի վերջինսն. եւ մնաց միայն Յիսուս, եւ կինն կայր առաջի նորա։ 10 Պատասխանի ետ Յիսուս եւ՝՝ ասէ ցնա. Կին դու, ո՞ւր են. ո՞չ ոք՝՝ զքեզ դատապարտեաց։ 11 Եւ ասէ. Ոչ, Տէր։ Եւ ասէ Յիսուս. Եւ ոչ ես դատապարտեմ զքեզ, երթ, յայսմ հետէ մի՛ մեղանչեր։՝՝ ԵԴ. 12 Դարձեալ խօսեցաւ ընդ նոսա Յիսուս եւ ասէ. Ես եմ լոյս աշխարհի. որ գայ զկնի իմ՝ ընդ խաւար մի՛ գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց։ 13 Ասեն ցնա փարիսեցիքն. Դու վասն անձին քո վկայես, եւ վկայութիւն քո չէ ճշմարիտ։ 14 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Թէպէտ եւ ես վկայեմ վասն անձին իմոյ, վկայութիւն իմ ճշմարիտ է. զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ. բայց դուք ոչ գիտէք ուստի գամ կամ յո երթամ։ 15 Դուք ըստ մարմնոյ դատիք, ես ոչ դատիմ եւ ոչ զոք. 16 թէպէտ եւ դատիմ եւս զոք, դատաստանն իմ ճշմարիտ է. զի չեմ միայն, այլ ես եւ որ առաքեացն զիս Հայր։ 17 Եւ յօրէնսն իսկ ձեր գրեալ է թէ՝ Երկուց մարդոց վկայութիւն ճշմարիտ է։ 18 Ես եմ որ վկայեմ վասն իմ, եւ վկայէ վասն իմ որ առաքեացն զիս Հայր։ 19 Ասէին ցնա. Ո՞ւր է Հայր քո։ Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ոչ զիս գիտէք եւ ոչ զՀայրն իմ. եթէ զիս գիտէիք, եւ զՀայրն իմ թերեւս գիտէիք։ 20 Զայս բանս խօսեցաւ ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ի տաճարի անդ. եւ ոչ ոք կալաւ զնա, զի չեւ եւս հասեալ էր ժամ նորա։ ԵԵ. 21 Ասէ դարձեալ ցնոսա Յիսուս. Ես երթամ, եւ խնդրիցէք զիս, եւ ի մեղս ձեր մեռանիցիք. զի ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ։ 22 Ասէին Հրեայքն. Միթէ զիւրովի՞ն երթայցէ, զի ասէ թէ՝ Ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ։ 23 Եւ ասէ ցնոսա. Դուք ի ներքուստ աստի էք, եւ ես ի վերուստ անտի եմ. դուք յաշխարհէ աստի էք, ես չեմ յայսմ աշխարհէ։ 24 Բայց ասացի ձեզ թէ՝ Ի մեղս ձեր մեռանիցիք. զի թէ ոչ հաւատայցէք թէ ես եմ, մեռանիցիք ի մեղս ձեր։ 25 Ասեն ցնա. Դու ո՞վ ես։ Ասէ ցնոսա Յիսուս. Նախ զի եւ խօսիմս իսկ ընդ ձեզ՝՝։ 26 Բազում ինչ ունիմ վասն ձեր խօսել եւ դատել. այլ որ առաքեացն զիս՝ ճշմարիտ է. եւ ես զոր լուայն ի նմանէ՝ զայն խօսիմ յաշխարհի։ 27 Եւ ոչ գիտացին թէ զՀօրէ ասէր ցնոսա։ 28 Ասէ ցնոսա Յիսուս. Յորժամ բարձրացուցանիցէք զՈրդի մարդոյ, յայնժամ գիտասջիք թէ ես եմ. եւ յանձնէ իմմէ ոչ ինչ առնեմ, այլ որպէս ուսոյց զիս Հայրն իմ, զայն խօսիմ։ 29 Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ։ 30 Իբրեւ զայս խօսեցաւ, բազումք հաւատացին ի նա։ ԵԶ. 31 Եւ ասէր Յիսուս առ Հրեայսն հաւատացեալս. Եթէ դուք կացջիք ի բանի իմում, ճշմարիտ աշակերտք իմ էք. 32 եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ։ 33 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Զաւակ Աբրահամու եմք, եւ ոչ ումեք երբեք ծառայեցաք. զիա՞րդ ասես թէ՝ Ազատք լինիջիք։ 34 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ՝ Ամենայն որ առնէ զմեղս՝ ծառայ է մեղաց։ 35 Եւ ծառայն ոչ յաւիտեան կայ ի տան, իսկ որդին յաւիտեան կայ։ 36 Իսկ արդ եթէ Որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարիտ ազատք լինիջիք։ 37 Գիտեմ զի զաւակ Աբրահամու էք, այլ խնդրէք սպանանել զիս, զի բանին իմոյ չիք տեղի ի ձեզ։ 38 Ես զոր տեսի առ Հօր իմում՝ խօսիմ, եւ դուք զոր լուարուք ի Հօրէն ձերմէ՝ առնէք։ 39 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Հայր մեր Աբրահամ է։ Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ որդիք Աբրահամու էիք, զգործսն Աբրահամու գործէիք։ 40 Այլ այժմիկ խնդրէք սպանանել զիս, զայր մի՝ որ ձեզ զճշմարտութիւն խօսեցայ, զոր լուայ ի Հօրէ իմմէ՝՝. զայդ Աբրահամ ոչ արար։ 41 Դուք առնէք զգործս հօրն ձերոյ։ Ասեն ցնա. Մեք ի պոռնկութենէ չեմք ծնեալ. մի է Հայր մեր, Աստուած։ 42 Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր Հայր ձեր, սիրէիք արդեւք զիս. զի ես յԱստուծոյ ելի եւ եկի, եւ ոչ եթէ յանձնէ ինչ եկի, այլ նա առաքեաց զիս։ 43 Ընդէ՞ր զխօսս իմ ոչ գիտէք դուք. վասն զի ոչ կարէք լսել զբանն իմ։ 44 Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։ 45 Իսկ ես զի զճշմարտութիւն խօսիմ, ոչ հաւատայք ինձ։ 46 Ո՞ ոք ի ձէնջ յանդիմանէ զիս վասն մեղաց. եթէ զճշմարիտն ասեմ ձեզ, ընդէ՞ր ոչ հաւատայք ինձ։ 47 Որ էն յԱստուծոյ՝ զբանս Աստուծոյ լսէ. եւ դուք վասն այնորիկ ոչ լսէք, զի չէք յԱստուծոյ։ 48 Պատասխանի ետուն Հրեայքն եւ ասեն ցնա. Ո՞չ բարւոք ասեմք մեք եթէ Սամարացի ես դու, եւ դեւ գոյ ի քեզ։ 49 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Յիս դեւ ոչ գոյ, այլ պատուեմ զՀայր իմ, եւ դուք անարգէք զիս։ 50 Ես ոչ խնդրեմ զփառս իմ, է որ խնդրէն եւ դատի։ 51 Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ի յաւիտեան։ 52 Ասեն ցնա Հրեայքն. Արդ գիտացաք թէ դեւ գոյ ի քեզ. Աբրահամ մեռաւ, եւ մարգարէքն, եւ դու ասես. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ի յաւիտեան։ 53 Միթէ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայր մեր Աբրահամ, որ մեռաւ, եւ մարգարէքն մեռան. արդ դու զո՞ առնես զքեզ։ 54 Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ես փառաւորեմ զանձն իմ, փառքն իմ ոչինչ են. է Հայր որ փառաւորէ զիս, զորմէ դուքն ասէք թէ՝ Աստուած մեր է. 55 եւ ոչ ճանաչէք զնա, բայց ես գիտեմ զնա. եւ եթէ ասեմ թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա եւ զբան նորա պահեմ։ 56 Աբրահամ հայր ձեր ցանկացաւ տեսանել զօր իմ, ետես եւ ուրախ եղեւ։ 57 Ասեն ցնա Հրեայքն. Յիսուն ամ չեւ եւս է քո, եւ զԱբրահա՞մ տեսեր։ 58 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Յառաջ քան զլինելն Աբրահամու եմ ես։ 59 Վէմս առին զի արկցեն ի վերայ նորա, եւ Յիսուս խոյս ետ եւ ել գնաց ի տաճարէ անտի։ |