ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԴԳ. 1 Յետ այսորիկ գնաց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլեացւոց Տիբերեայ. 2 եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում, զի տեսանէին զնշանսն զոր առնէր ի վերայ հիւանդաց։ 3 Ել ի լեառն Յիսուս, եւ անդ նստէր աշակերտօքն հանդերձ։ 4 Եւ էր մերձ զատիկ տօնն Հրէից։ 5 Բարձ ի վեր զաչս իւր Յիսուս եւ ետես, զի ժողովուրդ բազում գայր առ նա, ասէ ցՓիլիպպոս. Ուստի՞ գնեսցուք հաց զի կերիցեն դոքա։ 6 (Զայս ասէր փորձելով զնա, այլ ինքն գիտէր զինչ առնելոցն էր։) 7 Պատասխանի ետ նմա Փիլիպպոս. Երկերիւր դահեկանի հաց չէ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչիւր ոք սակաւ ինչ առնուցու։ 8 Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէաս, եղբայր Սիմովնի Վիմի. 9 Է աստ պատանեակ մի, որ ունի հինգ նկանակ գարեղէն եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ այդչափ մարդիկդ։ 10 Ասէ Յիսուս. Բազմեցուցէք զմարդիկդ։ Եւ էր խոտ յոյժ ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հինգ հազար։ 11 Եւ առ զհացն Յիսուս, եւ գոհացաւ եւ բաշխեաց բազմականացն. նոյնպէս եւ ի ձկանցն որչափ եւ կամեցան։ 12 Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. Ժողովեցէք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ։ 13 Ժողովեցին եւ լցին երկոտասան սակառի զկոտորոցն ի հինգ գարեղէն նկանակէ անտի, որ յաւելաւ ի կերողացն։ 14 Իսկ մարդիկն իբրեւ տեսին զնշանսն զոր արար՝ ասէին եթէ՝ Սա է ճշմարիտ մարգարէն, որ գալոց էր յաշխարհ։ ԴԴ. 15 Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա զի արասցեն զնա թագաւոր, գնաց դարձեալ ի լեառն միայն։ 16 Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ի ծովեզրն. 17 եւ մտեալ ի նաւ՝ գնային յայնկոյս ծովուն ի Կափառնայում. եւ իբրեւ նսեմացաւ, եւ չեւ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս. 18 եւ ծովն ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէր։ 19 Եւ վարեալ իբրեւ ասպարէզս քսան եւ հինգ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս զի գնայր ի վերայ ծովուն եւ մերձ էր ի նաւն, զարհուրեցան։ 20 Նա ասէ ցնոսա. Ես եմ, մի՛ երկնչիք։ 21 Եւ կամէին ընդունել զնա ի նաւն. եւ վաղվաղակի եհաս նաւն յերկիրն յոր երթային։ ԴԵ. 22 Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայնկոյս ծովուն, տեսանէր թէ այլ նաւ ոչ գոյր անդ բայց միայն ի միոյն, յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ի նաւն, բայց միայն աշակերտքն նորա գնացին։ 23 (Իբրեւ այլ նաւք գային՝՝ ի Տիբերեայ մօտ յայն տեղին՝ ուր զհացն կերան։) 24 Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ոչ է անդ եւ ոչ աշակերտքն նորա, առին նոքա զնաւսն, եւ եկին ի Կափառնայում խնդրել զՅիսուս։ 25 Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռաբբի, ե՞րբ եկիր այսր։ 26 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ. Խնդրէք զիս, իբր ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք, այլ զի կերայք ի հացէ անտի եւ յագեցարուք։ 27 Երթայք գործեցէք մի՛ զկորստական կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ի կեանսն յաւիտենականս, զոր Որդին մարդոյ տացէ ձեզ. քանզի զնա Հայր կնքեաց, Աստուած։ 28 Ասեն ցնա. Զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք։ 29 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Այս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն զոր առաքեացն նա։ 30 Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես զի տեսցուք եւ հաւատասցուք. զի՞նչ գործիցես։ 31 Հարքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ է. Հաց յերկնից ետ նոցա ուտել։ 32 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ՝ Ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից, այլ Հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։ 33 Զի հաց յԱստուծոյ է, որ իջանէն յերկնից եւ կեանս տայ աշխարհի։ 34 Ասեն ցնա. Տէր, յամենայն ժամ տուր մեզ զհացն զայն։ 35 Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գայ առ իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի։ 36 Այլ ասացի ձեզ եթէ տեսէք զիս եւ ոչ հաւատայք։ 37 Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։ 38 Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։ ԴԶ. 39 Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր ետ ցիս Հայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում։ 40 Այս են կամք Հօր իմոյ, զի ամենայն որ տեսանիցէ զՈրդի եւ հաւատայցէ ի նա, ընկալցի զկեանսն յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 41 Տրտնջէին զնմանէ Հրեայքն, զի ասաց թէ՝ Ես եմ հացն իջեալ յերկնից, 42 եւ ասէին. Ո՞չ սա է Յիսուս որդին Յովսեփու, զորոյ մեք գիտեմք զհայրն եւ զմայր. իսկ արդ զիա՞րդ ասէ եթէ՝ Ես յերկնից իջի։ 43 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Մի՛ քրթմնջէք ընդ միմեանս։ 44 Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 45 Գրեալ է ի մարգարէս. Եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ. ամենայն որ լսէ ի Հօրէ եւ ուսանի՝ գայ առ իս։ 46 Իբրեւ ոչ եթէ զՀայր ուրուք տեսեալ իցէ, եթէ ոչ որ էն յԱստուծոյ՝ նա ետես զՀայր։ 47 Ամէն ամէն ասեմ ձեզ զի՝ Որ հաւատայ՝ ընդունի զկեանսն յաւիտենականս։ 48 Ես եմ հացն կենաց։ 49 Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին եւ մեռան։ 50 Այս է հացն որ յերկնիցն իջեալ է, զի որ ուտիցէ ոք ի սմանէ՝ մի՛ մեռանիցի։ 51 Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ։ 52 Եթէ ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ, կեցցէ ի յաւիտեան. եւ հացն զոր ես տաց՝ մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի։ 53 Մարտնչէին ընդ միմեանս Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ կարէ սա տալ մեզ զմարմին իւր յուտել։ 54 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս։ 55 Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեանս յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 56 Զի մարմին իմ ճշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է։ 57 Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեսցէ, եւ ես ի նմա։ 58 Որպէս առաքեաց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի եմ վասն Հօր. եւ որ ուտէն զիս՝ եւ նա կեցցէ վասն իմ։ 59 Այս է հացն որ յերկնից իջեալ. ոչ որպէս կերան հարքն ձեր զմանանայն եւ մեռան. որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ յաւիտեան։ 60 Զայս ասաց ի ժողովրդեանն յուսուցանելն ի Կափառնայում։ 61 Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան, ասեն. Խիստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա։ 62 Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա. Այդ գայթակղեցուցանէ՞ զձեզ։ 63 Իսկ արդ, եթէ տեսանիցէք զՈրդի մարդոյ, զի ելանիցէ ուր էր զառաջինն։ 64 Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեանք։ 65 Այլ են ոմանք ի ձէնջ որ ոչ հաւատան. քանզի գիտէր Յիսուս ի սկզբանէ ով են այնոքիկ որ ոչն հաւատան, եւ ով այն է որ մատնելոցն է զնա։ 66 Եւ ասէր. Վասն այնորիկ ասացի ձեզ թէ ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ իցէ տուեալ նմա ի Հօրէ իմմէ։ 67 Յայսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ոչ եւս շրջէին ընդ նմա։ 68 Ասէ Յիսուս ցերկոտասան աշակերտսն. Միթէ եւ դո՞ւք կամիք երթալ։ 69 Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր, առ ո՞վ երթիցուք, բանս կենաց յաւիտենականաց ունիս։ 70 Եւ մեք հաւատացաք եւ ծանեաք եթէ դու ես Քրիստոսն Որդի Աստուծոյ՝՝։ 71 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասանսդ ընտրեցի, եւ միդ ի ձէնջ սատանայ է։ 72 Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ Իսկարիովտացւոյ՝՝, զի նա իսկ մատնելոց էր զնա, եւ մի էր յերկոտասանիցն։ |