ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԳԷ. 1 Յետ այսորիկ տօն էր Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։ 2 Եւ էր յԵրուսաղէմ ի Պրոբատիկէ աւազանին, որ կոչէր Եբրայեցերէն Բեթհեզդա, հինգ սրահ։ 3 Յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց՝ կուրաց, կաղաց, գօսացելոց, որ ակն ունէին ջրոցն յուզելոյ։ 4 Եւ հրեշտակ Տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն եւ յուզէր զջուրսն եւ որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր, բժշկէր՝ ոչ ունելով նշան հիւանդութեան։՝՝ 5 Եւ անդ էր այր մի, որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում։ 6 Զնա իբրեւ ետես Յիսուս զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել։ 7 Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր, ոչ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին, արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ՝՝, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ։ 8 Ասէ ցնա Յիսուս. Արի առ զմահիճս քո եւ գնա։ 9 Եւ ողջացաւ այրն, եւ յարեաւ առ զմահիճս իւր եւ շրջէր. եւ էր շաբաթ յաւուրն յայնմիկ։ 10 Ասեն Հրեայքն ցբժշկեալն. Շաբաթ է եւ ոչ է արժան առնուլ քեզ զմահիճս քո։ 11 Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա ասաց ցիս. Առ զմահիճս քո եւ գնա։ 12 Հարցին ցնա եւ ասեն. Ո՞վ է այրն որ ասաց ցքեզ. Առ զմահիճս քո եւ շրջեաց։ 13 Եւ բժշկեալն ոչ գիտէր թէ ով իցէ. քանզի Յիսուս խոյս ետ վասն ամբոխին ի տեղւոջէ անտի։ 14 Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ի տաճարին, եւ ասէ ցնա. Ահաւադիկ ողջացար, մի՛ եւս մեղանչեր, զի մի՛ չար եւս ինչ լինիցի քեզ։ 15 Գնաց այրն եւ պատմեաց Հրէիցն, եթէ Յիսուս էր որ բժշկեացն զիս։ 16 Եւ վասն այնորիկ հալածէին զՅիսուս Հրէայք, զի զայն առնէր ի շաբաթու։ 17 Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. Հայր իմ մինչեւ ցայժմ գործէ եւ ես գործեմ։ 18 Վասն այնորիկ առաւել խնդրէին Հրեայքն սպանանել զնա, զի ոչ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ Հայր իւր կոչէր զԱստուած, եւ հաւասար առնէր զանձն Աստուծոյ։ ԴԿ. 19 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ կարէ Որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ Որդին նմին նման գործէ։ 20 Զի Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա զոր ինքն առնէ։ Եւ մեծամեծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դուքդ զարմանայք։ 21 Զի որպէս Հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ, նոյնպէս եւ Որդի զորս կամի՝ կենդանի առնէ։ 22 Եւ ոչ եթէ Հայր դատի զոք, այլ զամենայն դատաստան ետ Որդւոյ իւրոյ. 23 զի ամենեքեան պատուեսցեն զՈրդի, որպէս պատուեն զՀայրն. որ ոչ պատուէ զՈրդին, ոչ պատուէ զՀայր, զառաքիչն նորա։ 24 Ամէն ամէն ասեմ ձեզ, զի՝ Որ զբանն իմ լսէ եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս՝ ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս։ 25 Ամէն ամէն ասեմ ձեզ, զի՝ Գայ ժամանակ եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի Որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցենն՝ կեցցեն։ 26 Զի որպէս Հայր ունի կեանս յանձին իւրում, նոյնպէս ետ եւ Որդւոյ ունել կեանս յանձին իւրում. 27 եւ իշխանութիւն ետ նմա դատաստան առնել, եւ զի Որդի մարդոյ է։ 28 Ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն՝ լուիցեն ձայնի նորա, 29 եւ եկեսցեն արտաքս. որոց զբարիս գործեալ իցէ՝ ի յարութիւն կենաց. եւ որոց զչար արարեալ՝ ի յարութիւն դատաստանաց։ 30 Ոչ կարեմ ես յանձնէ առնել եւ ոչ ինչ. այլ որպէս լսեմ, դատիմ, եւ դատաստանն իմ արդար է. զի ոչ խնդրեմ զկամս իմ, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։ ԴԲ. 31 Եթէ ես վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ ճշմարիտ։ 32 Ա՛յլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք՝՝ եթէ ճշմարիտ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ։ 33 Դուք առաքեցէք առ Յովհաննէս եւ վկայեաց ճշմարտութեանն։ 34 Այլ ես ոչ եթէ ի մարդկանէ առնում վկայութիւն, այլ զայս ասեմ զի դուք ապրեսջիք։ 35 Նա էր ճրագն որ լուցեալ էր եւ ծագէր, եւ դուք կամեցարուք ցնծալ առ ժամանակ մի ի լոյս նորա։ 36 Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու. զգործսն զորս ետ ցիս Հայր զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս։ 37 Եւ որ առաքեացն զիս Հայր՝ նա վկայեաց վասն իմ. դուք ոչ զձայն նորա երբեք լուարուք, եւ ոչ զտեսիլ նորա տեսէք. 38 եւ ոչ զբան նորա ունիք ի ձեզ բնակեալ, զի զոր նա առաքեաց՝ դուք նմա ոչ հաւատայք։ 39 Քննեցէք զգիրս, զի դուք համարիք նոքօք ունել զկեանսն յաւիտենականս. եւ նոքին իսկ են որ վկայեն վասն իմ, որովք համարիքն ունել կեանս.՝՝ 40 եւ դուք ոչ կամիք գալ առ իս զի զկեանսն ունիցիք։ 41 Ես փառս ի մարդկանէ ոչ առնում։ 42 Այլ գիտեմ զձեզ թէ զսէրն Աստուծոյ ոչ ունիք յանձինս։ 43 Ես եկի յանուն Հօր իմոյ, եւ ոչ ընդունիք զիս. եթէ այլ ոք եկեսցէ յիւր անուն, զնա ընդունիցիք։ 44 Զիա՞րդ կարէք դուք հաւատալ, զի փառս ի միմեանց առնուք, եւ զփառս զառ ի միոյն Աստուծոյ ոչ խնդրէք։ 45 Մի՛ համարիք եթէ ես չարախօս ինչ իցեմ զձէնջ առ Հօր. գոյ որ չարախօս կայ զձէնջ, Մովսէս, յոր դուքն յուսացեալ էք։ 46 Զի եթէ հաւատայիք դուք Մովսիսի, հաւատայիք արդեւք եւ ինձ, զի նա վասն իմ իսկ գրեաց։ 47 Զի եթէ նորա գրոցն ոչ հաւատայք, զիա՞րդ իմոց բանիցս հաւատայցէք։ |