Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԳԴ.

1 Իբրեւ գիտաց Յիսուս եթէ լուան փարիսեցիքն եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ եւ մկրտէ քան զՅովհաննէս,

2 (քանզի ոչ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտքն նորա,)

3 եթող զՀրէաստան երկիր, եւ եկն միւսանգամ ի Գալիլեա։

4 Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա։

5 Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց որում անուն էր Սիւքար, մերձ ի գեղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսեփայ։

6 Եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ. եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն՝ նստէր ի վերայ աղբերն, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ։

7 Գայ կին մի ի Սամարիայ հանել ջուր. ասէ ցնա Յիսուս. Տուր ինձ ըմպել։

8 Զի աշակերտքն նորա երթեալ էին ի քաղաք անդր զի կերակուրս գնեսցեն։

9 Ասէ ցնա կինն Սամարացի. Դու որ Հրեայդ ես, զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ոչ երբեք խառնակին Հրեայք ընդ Սամարացիս։

10 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Եթէ գիտէիր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ո՛վ է որ ասէդ ցքեզ թէ՝ Տուր ինձ ըմպել, դու արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տայր քեզ ջուր կենդանի։

11 Ասէ ցնա կինն. Տէր, դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է, իսկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի։

12 Միթէ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ որ զայս ջրհոր ետ մեզ. եւ ինքն աստի արբ եւ որդիք նորա եւ խաշինք նորա։

13 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ՝ միւսանգամ ծարաւէ, բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա՝ մի՛ ծարաւեսցէ յաւիտեան։

14 Այլ ջուրն զոր ես տաց նմա՝ եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս։

15 Ասէ ցնա կինն. Տէր, տուր ինձ զջուրն զայն, զի մի՛ ծարաւեցից, եւ մի՛ եկից այսր հանել ջուր։

16 Ասէ ցնա Յիսուս. Երթ կոչեա զայր քո եւ եկ այսր։

17 Պատասխանի ետ նմա կինն եւ ասէ. Չիք իմ այր։ Ասէ ցնա Յիսուս. Բարւոք ասացեր թէ՝ Չիք իմ այր.

18 զի հինգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմն ունիս՝ չէ քո այր. զայդ արդար ասացեր։

19 Ասէ ցնա կինն. Տէր, թուի ինձ թէ մարգարէ իցես դու։

20 Հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին, եւ դուք ասէք թէ՝ ՅԵրուսաղէմ եւեթ է տեղի, ուր արժան իցէ երկիր պագանել։

21 Ասէ ցնա Յիսուս. Կին դու, հաւատա ինձ, զի եկեսցէ ժամանակ, յորժամ ոչ ի լերինս յայսմիկ եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր։

22 Դուք երկիր պագանէք որում ոչն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի Հրէից է։

23 Այլ եկեսցէ ժամանակ եւ այժմ իսկ է, յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ։


ԳԵ.

24 Հոգի է Աստուած, եւ երկրպագուացն նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել։

25 Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեալն Քրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատմեսցէ մեզ զամենայն։

26 Ասէ ցնա Յիսուս. Ես եմ որ խօսիմս ընդ քեզ։

27 Եւ յայն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանային զի ընդ կնոջն խօսէր. բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թէ՝ Զի՛նչ խնդրես, կամ՝ Զի՛նչ խօսիս ընդ դմա։

28 Եթող կինն զսափորն իւր եւ չոգաւ ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն.

29 Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է. միթէ նա՞ իցէ Քրիստոսն։

30 Ելին ի քաղաքէն եւ գային առ նա։

31 Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի, հաց կեր։

32 Նա ասէ ցնոսա. Ես կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ գիտէք։

33 Ասէին աշակերտքն ընդ միմեանս. Միթէ եբե՞ր ինչ ոք դմա ուտել։

34 Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։

35 Ո՞չ դուք ասէք եթէ՝ Այլ եւս չորք ամիսք են, եւ հունձք գան. ահաւասիկ ես ասեմ ձեզ. Ամբարձէք զաչս ձեր եւ տեսէք զարտորայսն, զի սպիտակացեալ են եւ ի հունձս հասեալ։

36 Եւ որ հնձէն՝ վարձս առնու, եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս. զի որ սերմանէն եւ որ հնձէ՝ հասարակ ցնծասցեն։

37 Յայսմ իսկ է բանն ճշմարիտ, զի՝ Այլ է որ սերմանէ եւ այլ է որ հնձէ։

38 Ես առաքեցի զձեզ հնձել զոր ոչ դուք վաստակեցէք. այլք վաստակեցին եւ դուք ի վաստակս նոցա մտէք։

39 Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց բազումք հաւատացին ի նա վասն բանի կնոջն վկայելոյ, եթէ՝ Ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ էր։

40 Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա. եւ եղեւ անդ աւուրս երկուս։

41 Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա։

42 Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։


ԳԶ.

43 Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գալիլեա։

44 Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց եթէ՝ Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։

45 Այլ յորժամ եկն նա ի Գալիլեա, ընկալան զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ի տօնին. քանզի եւ նոքա եկեալ էին ի տօնն։

46 Եկն դարձեալ ի Կանա Գալիլեացւոց ուր արար զջուրն գինի. եւ անդ էր թագաւորազն մի, որոյ որդի նորա հիւանդ կայր ի Կափառնայում։

47 Նա իբրեւ լուաւ եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա, քանզի մերձ էր ի մեռանել։

48 Ասէ ցնա Յիսուս. Եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ոչ հաւատայք։

49 Ասէ ցնա թագաւորազնն. Տէր, էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ։

50 Ասէ ցնա Յիսուս. Երթ, որդին քո կենդանի է։ Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնաց։

51 Եւ մինչդեռ իջանէր, ընդ առաջ եղեն նմա ծառայքն նորա, աւետիս ետուն եւ ասեն թէ մանուկն նորա կենդանի է։

52 Հարցանէր ցնոսա վասն ժամուն յորում ապաքինեաց. եւ ասեն ցնա. Երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմն։

53 Գիտաց հայրն նորա եթէ յայնմ ժամու յորում ասացն ցնա Յիսուս թէ՝ Որդին քո կենդանի է. եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր։

54 Զայս դարձեալ երկրորդ նշան արար Յիսուս՝ եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan