ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԲԶ. 1 Եւ յաւուրն երրորդի հարսանիք էին ի Կանա Գալիլեացւոց, եւ անդ էր մայրն Յիսուսի։ 2 Կոչեցաւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ի հարսանիսն։ 3 Եւ ի պակասել գինւոյն՝ ասէ մայրն ցՅիսուս. Գինի ոչ ունին։ 4 Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ իմ եւ քո, կին դու, չեւ է հասեալ ժամանակ իմ։ 5 Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջիք։ 6 Անդ էին թակոյկք կճեայք վեց ըստ սրբութեանն Հրէից, տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս։ 7 Ասէ ցնոսա Յիսուս. Լցէք զթակոյկսդ ջրով։ Եւ լցին զնոսա մինչեւ ի վեր։ 8 Եւ ասէ ցնոսա. Արդ առէք եւ բերէք տաճարապետիդ։ Եւ նոքա բերին։ 9 Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի եղեալ, եւ ոչ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն գիտէին որք արկին զջուրն. խօսի ընդ փեսային տաճարապետն, 10 եւ ասէ. Ամենայն մարդ զանոյշ գինին յառաջագոյն պաշտէ. եւ յորժամ արբենան, յայնժամ զյոռին. դու պահեցեր զանոյշ գինիդ մինչեւ ցայժմ։ 11 Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։ ԲԷ. 12 Յետ այսորիկ էջ ի Կափառնայում, ինքն եւ մայր իւր եւ եղբարք իւր. եւ անդ լինէր ոչ բազում ինչ աւուրս։ 13 Եւ էր մերձ զատիկն Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։ 14 Եւ եգիտ ի տաճարին զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին։ 15 Եւ արար խարազան չուանեայ, եւ եհան զամենեսին ի տաճարէն՝ զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն ցրուեաց, եւ զսեղանսն կործանեաց։ 16 Եւ որ զաղաւնիսն վաճառէին՝ ասէ ցնոսա. Առէք զայդ աստի, եւ մի՛ առնէք զտուն Հօր իմոյ տուն վաճառի։ 17 Ապա յիշեցին աշակերտքն նորա թէ գրեալ է. Նախանձ տան քո կերիցէ զիս։ 18 Պատասխանի ետուն Հրեայքն եւ ասեն ցնա. Զի՞նչ նշան ցուցանես դու մեզ զի զայդ առնես։ 19 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Քակեցէք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցից զդա։ 20 Ասեն ցնա Հրեայքն. Զքառասուն եւ զվեց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու զերիս աւուրս կանգնե՞ս զսա։ 21 Բայց նա ասէր վասն տաճարի մարմնոյ իւրոյ։ 22 Իսկ յորժամ յարեաւն ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ այս է զոր ասացն. եւ հաւատացին գրոյն եւ բանին զոր ասաց Յիսուս։ ԳԿ. 23 Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ ի զատկին ի տօնի, բազումք հաւատացին յանուն նորա, զի տեսանէին զնշանսն զոր առնէր։ 24 Բայց ինքն Յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա, քանզի ինքն գիտէր զամենայն. 25 եւ զի ոչ էր պիտոյ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ, զի ինքն իսկ գիտէր զինչ կրէր ի մարդն։ |