ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի մի՛ գայթակղեսջիք։ 2 Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ. այլ եկեսցէ ժամանակ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ՝ համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ։ 3 Եւ զայն արասցեն ընդ ձեզ, քանզի ոչ ծանեան զՀայր եւ ոչ զիս։ 4 Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ, յիշիցէք թէ ես ասացի ձեզ. զայս ի սկզբանէ ոչ ասացի ձեզ, քանզի ընդ ձեզ էի։ 5 Բայց արդ երթամ ես առ առաքիչն իմ, եւ ոչ ոք ի ձէնջ հարցանէ ցիս թէ՝ Յո՞ երթաս։ 6 Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութիւն ելից զսիրտս ձեր։ 7 Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ, լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց, Մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ։ 8 Եւ նա եկեալ՝ յանդիմանեսցէ զաշխարհ վասն մեղաց եւ վասն արդարութեան եւ վասն դատաստանի։ 9 Վասն մեղաց՝ զի ոչ հաւատան յիս. 10 վասն արդարութեան՝ զի առ Հայր իմ երթամ, եւ ոչ եւս տեսանէք զիս. 11 վասն դատաստանի՝ զի իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեալ է։ 12 Եւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ոչ կարէք հանդարտել այժմիկ։ 13 Յորժամ եկեսցէ նա, Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ՝ խօսիցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ։ 14 Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ։ 15 Զամենայն ինչ զոր ունի Հայր՝ իմ է. վասն այնորիկ ասացի ձեզ թէ յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ։ 16 Փոքր մի՝ եւ ոչ եւս տեսանէք զիս, եւ ապա սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս, եւ ես երթամ առ Հայր։ 17 Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս զոր ասէս ցմեզ թէ՝ Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս, եւ թէ՝ Ես առ Հայր երթամ։ 18 Եւ ասէին. Զի՞նչ իցէ այն Փոքր մեւս եւսն. չգիտեմք զի՛նչ խօսի։ 19 Գիտաց Յիսուս եթէ կամէին ցնա հարցանել, եւ ասէ ցնոսա. Վասն այդորի՞կ խնդրէք ընդ միմեանս զի ասացի թէ՝ Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս՝ եւ տեսանիցէք զիս։ 20 Ամէն ամէն ասեմ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութիւն եղիցի։ 21 Կին յորժամ ծնանիցի, տրտմութիւն է նմա, զի հասեալ է ժամ նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ոչ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մարդ յաշխարհ։ 22 Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք, այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրախ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ոչ ոք հանիցէ ի ձէնջ։ 23 Եւ յայնմ աւուր զիս ինչ ոչ հարցանիցէք։ Ամէն ամէն ասեմ ձեզ, զի զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։ 24 Մինչեւ ցայժմ ոչինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէք եւ առնուցուք, զի ուրախութիւնն ձեր լցեալ եղիցի։ 25 Զայս առակօք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ, այլ յայտնապէս զՀօրէ պատմեցից ձեզ։ 26 Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ոչ ասեմ ձեզ եթէ ես աղաչեցից զՀայր վասն ձեր. 27 զի ինքն իսկ Հայր սիրէ զձեզ, զի դուք զիս սիրեցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի։ 28 Ելի ի Հօրէ եւ եկի յաշխարհ, դարձեալ թողում զաշխարհ եւ երթամ առ Հայր։ 29 Ասեն ցնա աշակերտքն. Ահա արդ յայտնութեամբ խօսիս, եւ առակ եւ ոչ մի ինչ ասես։ 30 Այժմիկ գիտեմք եթէ գիտես զամենայն, եւ ոչինչ պիտոյ է եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատամք եթէ յԱստուծոյ ելեր։ 31 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Այժմ հաւատա՞յք. 32 ահա եկեսցէ ժամ եւ եկեալ իսկ է, զի ցրուեսջիք յիւրաքանչիւր տեղիս, եւ զիս միայն թողուցուք. եւ չեմ միայն, զի Հայր ընդ իս է։ 33 Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարուք, զի ես յաղթեցի աշխարհի։ |