ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԲԿ. 1 Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն։ 2 Նա էր ի սկզբանէ առ Աստուած։ 3 Ամենայն ինչ նովաւ եղեւ, եւ առանց նորա եղեւ եւ ոչ ինչ որ ինչ եղեւն։ 4 Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր լոյս մարդկան. 5 եւ լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ, եւ խաւար նմա ոչ եղեւ հասու։ 6 Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նմա Յովհաննէս։ 7 Սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ։ 8 Ոչ էր նա Լոյսն, այլ զի վկայեսցէ վասն Լուսոյն։ 9 Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ որ գալոց է՝՝ յաշխարհ։ 10 Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ։ 11 Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան։ 12 Իսկ որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել որոց հաւատասցեն յանուն նորա. 13 ոյք ոչ յարենէ եւ ոչ ի կամաց մարմնոյ եւ ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան։ 14 Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ, եւ տեսաք զփառս նորա, զփառս իբրեւ զմիածնի առ ի Հօրէ, լի շնորհօք եւ ճշմարտութեամբ։ 15 Յովհաննէս վկայէ վասն նորա, աղաղակեաց եւ ասէ. Սա է զորմէ ասէի. Որ զկնի իմ գալոցն էր՝ առաջի իմ եղեւ, զի նախ քան զիս էր։ 16 Զի ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առաք շնորհս փոխանակ շնորհաց։ 17 Զի օրէնքն ի ձեռն Մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն։ ԲԲ. 18 ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց։ 19 Եւ այս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա Հրեայքն յԵրուսաղեմէ քահանայս եւ Ղեւտացիս, զի հարցցեն ցնա թէ՝ Դու ո՞ ես։ 20 Եւ խոստովան եղեւ եւ ոչ ուրացաւ. խոստովան եղեւ եթէ՝ Ես ոչ եմ Քրիստոսն։ 21 Եւ հարցին ցնա. Իսկ ո՞վ ես դու, Եղիա՞ ես։ Եւ ասէ. Ոչ եմ։ Իսկ մարգարէ՞ն ես դու։ Պատասխանի ետ թէ՝ Ոչ։ 22 Իսկ ասա մեզ. Դու ո՞վ ես, զի պատասխանի տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո։ 23 Ասէ. Ես՝ ձայն բարբառոյ յանապատի. Ուղիղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասաց Եսայի մարգարէ։ 24 Եւ որք առաքեցանն՝ ի փարիսեցւոց անտի էին։ 25 Հարցին ցնա եւ ասեն. Իսկ զի՞ մկրտես, եթէ դու չես Քրիստոսն, եւ ոչ Եղիա, եւ ոչ մարգարէն։ 26 Պատասխանի ետ նոցա Յովհաննէս եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով. ի միջի ձերում կայ, զոր դուքն ոչ գիտէք. 27 որ զկնի իմ գալոցն է՝՝, որում չեմն արժանի եթէ լուծից զխրացս կօշկաց նորա։ 28 Այս ի Բեթաբրա եղեւ յայնկոյս Յորդանանու, ուր էրն Յովհաննէս եւ մկրտէր։ ԲԳ. 29 Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գայր առ նա. եւ ասէ. Ահաւասիկ Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի։ 30 Սա է վասն որոյ եսն ասէի. Զկնի իմ գայ այր որ առաջի իմ եղեւ, զի յառաջ իսկ էր քան զիս։ 31 Եւ ես ոչ գիտէի զնա, այլ զի յայտնի լինիցի Իսրայելի, վասն այնորիկ եկի ես ջրով մկրտել։ 32 Վկայեաց Յովհաննէս եւ ասէ թէ՝ Տեսանէի զՀոգին, զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ նորա։ 33 Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։ 34 Եւ ես տեսի եւ վկայեցի եթէ՝ Սա է Որդին Աստուծոյ։ ԲԴ. 35 Ի վաղիւ անդր կայր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա երկու։ 36 Եւ նայեցեալ ընդ Յիսուսի զի զգնայր, ասէ. Ահաւասիկ Քրիստոս Գառն Աստուծոյ։ 37 Լուան ի նմանէ երկու աշակերտքն զի խօսէր, եւ գնացին զհետ Յիսուսի։ 38 Իբրեւ դարձաւ Յիսուս եւ ետես զնոսա զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք։ Նոքա ասեն ցնա. Ռաբբի, (որ թարգմանեալ կոչի Վարդապետ,) ո՞ւր են օթեվանք քո։ 39 Ասէ ցնոսա. Եկայք եւ տեսէք։ Եկին եւ տեսին ուր էին օթեվանք նորա, եւ առ նմա ագան այն օր, զի ժամ էր իբրեւ տասներորդ։ 40 Էր Անդրէաս եղբայր Սիմովնի Վիմի, մի յերկուց անտի որ լուանն ի Յովհաննէ եւ գնացին զկնի նորա։ 41 Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոսն)։ 42 Սա ած զնա առ Յիսուս. հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. Դու ես Սիմովն որդի Յովնանու, դու կոչեսցիս Կեփաս (որ թարգմանի Պետրոս)։ ԲԵ. 43 Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գալիլեա. գտանէ զՓիլիպպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Եկ զկնի իմ։ 44 Եւ էր Փիլիպպոս ի Բեթսայիդայ, ի քաղաքէ Անդրեայ եւ Պետրոսի։ 45 Գտանէ Փիլիպպոս զՆաթանայէլ եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն՝ եւ մարգարէքն, գտաք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ։ 46 Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Եկ եւ տես։ 47 Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գայր առ նա, ասէ վասն նորա. Ահա արդարեւ Իսրայելացի յորում նենգութիւն ոչ գոյ։ 48 Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս։ Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Մինչչեւ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ի ներքոյ թզենւոյն, տեսի զքեզ։ 49 Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի։ 50 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Փոխանակ զի ասացի քեզ թէ տեսի ի ներքոյ թզենւոյն, հաւատա՞ս, մեծամեծս եւս քան զայս տեսցես։ 51 Եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ զի ելանիցեն եւ իջանիցեն ի վերայ Որդւոյ մարդոյ։ |