Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Արդար ես դու, Տէր, եւ մատուցից առաջի քո աղերս՝՝. բայց խօսեցայց զիրաւունս. զի՞ է զի ճանապարհք ամպարշտաց յաջողեալ են, եւ երջանկացան ամենեքեան որ արհամարհեն զարհամարհանս։

2 Տնկեցեր զնոսա եւ արմատացան, ծնան որդիս՝՝ եւ արարին պտուղ. մերձ ես դու, Տէր, ի բերանս նոցա, եւ հեռի յերիկամանց նոցա։

3 Եւ դու, Տէր, գիտես զիս, տեսեր զիս՝ եւ փորձեցեր զսիրտ իմ առաջի քո. ժողովեա զնոսա իբրեւ զոչխար ի սպանումն, եւ նուիրեա զնոսա յաւուր սպանման։

4 Մինչեւ յե՞րբ սուգ ունիցի երկիր, եւ խոտ ամենայն վայրի ցամաքեսցի. ի չարեաց բնակչաց երկրին ապականեցան անասուն եւ թռչուն. զի ասացին թէ՝ Ոչ տեսցէ Աստուած զճանապարհս մեր։

5 Ոտք քո ընթանան՝ եւ լքուսցեն զքեզ. զիա՞րդ կազմիցիս երիվարօք՝՝. իսկ արդ յերկիրդ խաղաղութեան յուսացեալ ես, զի՞ գործիցես ի վերանալ Յորդանան գետոյ։

6 Քանզի եւ եղբարքն քո եւ տուն հօր քո, եւ նոքա դաւեցին քեզ, եւ նոքին աղաղակեցին զկնի քո, կուտեցան ի վերայ քո. մի՛ հաւատար նոցա զի խօսեսցին զքէն չարութիւն։՝՝

7 Լքի զտուն իմ, թողի զժառանգութիւն իմ, ետու զսիրելին անձին իմոյ ի ձեռս թշնամեաց իւրոց։

8 Եղեւ ժառանգութիւն իմ ինձ իբրեւ առեւծ յանապատի. ետ ի վերայ իմ զբարբառ իւր, վասն այնորիկ ատեցի զնա։

9 Միթէ որջ բորենւո՞յ՝՝ իցէ ժառանգութիւն իմ ինձ, կամ ա՞յրք՝՝ շուրջ զնովաւ. շրջեցարուք ժողովեցէք զամենայն գազանս անապատի, եւ եկեսցեն ուտել զնա։

10 Հովիւք բազումք ապականեցին զայգի իմ, եղծին զբաժին իմ. արարին զվիճակն իմ ցանկալի յանապատ անկոխ։

11 Եդաւ յապականութիւն կորստեան. վասն իմ ապականեցաւ ապականութեամբ ամենայն երկիր,՝՝ զի ոչ գոյ մարդ որ դնէ ի սրտի։

12 Ընդ ամենայն ելս անապատի անցին թշուառացեալք՝՝. զի սուր Տեառն կերիցէ ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի, եւ ոչ գոյ խաղաղութիւն ամենայն մարմնոյ։

13 Ցորեան սերմանեցէք, եւ փուշ հնձեսջիք. եւ վիճակքն ձեր ոչ եղիցին ձեզ յօգուտ. յամօթ լերուք ի պարծանաց ձերոց՝ ի նախատանաց առաջի Տեառն։՝՝

14 Զի այսպէս ասէ Տէր վասն ամենայն դրացեացդ չարաց որ մերձենան ի ժառանգութիւն իմ, զոր բաշխեցի ժողովրդեան իմում Իսրայելի. Ահաւասիկ ես կորզեցից զնոսա յերկրէն իւրեանց, եւ զտունն Յուդայ հանից ի միջոյ նոցա։

15 Եւ եղիցի յետ հանելոյն զնոսա՝ դարձայց եւ ողորմեցայց նոցա. եւ բնակեցուցից զնոսա իւրաքանչիւր ի ժառանգութեան իւրում, եւ իւրաքանչիւր յերկրի իւրում։

16 Եւ եղիցի եթէ ուսանելով ուսանիցին զճանապարհ ժողովրդեան իմոյ, երդնուլ յանուն իմ թէ՝ Կենդանի է Տէր, որպէս ուսուցին զժողովուրդ իմ երդնուլ ի Բահաղ, եւ շինեսցին ի մէջ ժողովրդեան իմոյ։

17 Եւ եթէ ոչ դառնայցեն, ջնջեցից զազգն զայն, եւ բարձից կորստեամբ, ասէ Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan