Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 27 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Յաւուր յայնմիկ ածցէ Տէր զսուրն սուրբ եւ զմեծ եւ զհզօր ի վերայ վիշապ օձին փախուցելոյ, եւ ի վերայ վիշապ օձին կամակորի, եւ սպանցէ զվիշապն ի մէջ ծովուն։

2 Յաւուր յայնմիկ այգի վայելուչ՝ ցանկալի տիրել ի վերայ նորա։

3 Ես քաղաք ամուր, քաղաք զուր պաշարեալ. արբուցից զնա՝ զի առցի ի գիշերի, եւ ի տուէ կործանեսցի պարիսպ նորա։

4 Զի չէր որ ոչ ձեռնամուխ լինէր ի նա. ո՞ դիցէ զիս պահել զոճ արտոյ յագարակի. վասն այսր պատերազմողի անարգեցի զնա այսուհետեւ։ Վասն այսորիկ արար Տէր զամենայն ինչ զոր կարգեաց. Այրեցաք, ասէ։

5 Բողոքեսցեն բնակիչք նորա. արասցուք ընդ նմա խաղաղութիւն։

6 Ժողովեալք որդիք Յակոբայ նորատունկ բղխեսցեն. ծաղկեսցէ Իսրայէլ, եւ լցցին տիեզերք պտղով նորա։

7 Միթէ որպէս նայն եհար, սա այնպէս վիրաւորեսցի՞. կամ որպէս նայն սպան, այնպէս սատակեսցի՞։

8 Պատերազմաւ եւ նախատանօք արձակեսցէ զնոսա. ո՞չ դու էիր որ խորհէիր խստացեալ մտօք սպանանել զնոսա ոգւով բարկութեամբ։

9 Վասն այսորիկ բարձցի անօրէնութիւն Յակոբայ. եւ այս է օրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա. ի ժամանակի յորում մանրեսցեն իբրեւ զփոշի մանր՝ զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի՛ եւս մնասցեն գործք պաշտամանցն նոցա, այլ կոտորեսցին իբրեւ զմայրի փայտահարաց։

10 Եւ որ շէնն մնասցէ՝ եղիցի իբրեւ զհօտ մակաղեալ եւ իբրեւ զխաշն լքեալ, եւ եղիցի բազում ժամանակս յարօտս երէոց, եւ անդ հանգիցեն. եւ յետ բազում ժամանակաց՝ ոչ գտցի ի նմա դեղ դալար, զի ցամաքեցաւ։

11 Կանայք՝ որ դիմեալ գայք ի հանդիսէ՝ յառաջ մատիք.՝՝ զի ոչ եթէ ժողովուրդ է՝ յորում գոյ իմաստութիւն. վասն այնորիկ մի՛ գթասցի ի նոսա Աստուած որ արարն զնոսա. մի՛ որ ստեղծն զնոսա ողորմեսցի նոցա։

12 Եւ եղիցի յաւուր յայնմիկ, արգել արկցէ՝՝ Տէր ի փոսոյ Գետոյն մինչեւ ի կողմանս Ռինոկորուրայ. բայց դուք մի մի ժողովեցէք զորդիսն՝՝ Իսրայելի։

13 Եւ եղիցի յաւուր յայնմիկ հարցեն փող աւագափող. եւ եկեսցեն ցրուեալքն յերկրին Ասորեստանեայց, եւ կորուսեալք յերկրին Եգիպտացւոց, եւ երկիր պագցեն Տեառն ի վերայ լերին սրբոյ յԵրուսաղէմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan