ԾՆՈՒՆԴՔ 45 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ ոչ կարաց Յովսէփ ժոյժ առնել առաջի ամենեցուն որ շուրջ զնովաւն կային, այլ ասէ՝՝. Հանէք զամենեսին արտաքս յինէն։ Եւ չկայր եւս ոք անդ առ նմա, յորժամ ետ ծանօթս եղբարցն իւրոց։ 2 Եւ ձայն բարձեալ լալով հանդերձ՝ մինչ լուան Եգիպտացիքն, եւ ազդ եղեւ ի տուն փարաւոնի։ 3 Ասէ Յովսէփ ցեղբարսն իւր. Ես եմ Յովսէփ. արդարեւ տակաւին կենդանի՞ իցէ հայր իմ։ Եւ ոչ կարէին եղբարքն նորա տալ նմա պատասխանի, զի խռովեցան յերեսաց նորա։ 4 Ասէ Յովսէփ ցեղբարսն. Մօտ եկայք առ իս։ Եւ չոգան մօտ։ Եւ ասէ. Ես եմ Յովսէփ եղբայրն ձեր, զոր դուք վաճառեցէք յԵգիպտոս։ 5 Բայց մի՛ ինչ տրտմիք, եւ մի՛ խիստ թուեսցի ձեզ զի վաճառեցէք զիս այսր. քանզի ի փրկութիւն առաքեաց զիս Աստուած առաջի ձեր։ 6 Զի այս երկրորդ ամ է սովոյս ի վերայ երկրի, այլեւս հինգ ամ՝ յորս ոչ լինիցի վար, եւ ոչ հունձ։ 7 Եւ զիս առաքեաց Աստուած առաջի ձեր առ ի թողլոյ ձեզ զաւակ յերկրի, եւ կերակրել զձեր՝՝ մնացորդս մեծամեծս։ 8 Եւ արդ ոչ եթէ դուք առաքեցէք զիս այսր, այլ Աստուած. եւ արար զիս հայր փարաւոնի եւ տէր ամենայն տան նորա, եւ իշխան ամենայն երկրիս Եգիպտացւոց։ 9 Արդ փութացեալ ելէք առ հայրն իմ եւ ասացէք ցնա. Այսպէս ասէ որդի քո Յովսէփ. Արար զիս Աստուած տէր ամենայն երկրիս Եգիպտացւոց. արդ եկ էջ առ իս, եւ մի՛ հեղգար։ 10 Եւ բնակեսցես յերկրիս Գեսեմ՝ յԱրաբիա, եւ եղիցես մօտ առ իս, դու եւ որդիք քո եւ որդիք որդւոց քոց, եւ ոչխար քո եւ արջառ քո եւ որ ինչ քո իցէ։ 11 Եւ կերակրեցից զքեզ անդ. զի այլ եւս հինգ ամ կայ սովոյս. զի մի՛ սատակիցիս, դու եւ որդիք քո եւ ամենայն ստացուածք քո՝՝։ 12 Ահաւասիկ աչք ձեր տեսանեն եւ աչք Բենիամինի եղբօր իմոյ, զի բերան իմ խօսի ընդ ձեզ։ 13 Արդ պատմեցէք հօր իմում զամենայն զփառս իմ որ են յԵգիպտոս, եւ որչափ ինչ տեսէք դուք. եւ փութացեալ իջուցէք զհայրն իմ այսր։ 14 Եւ անկեալ ի վերայ պարանոցին Բենիամինի եղբօր իւրոյ ելաց, եւ Բենիամին ելաց ի վերայ պարանոցի նորա։ 15 Եւ համբուրեաց զամենայն եղբարսն իւր, եւ ելաց ի վերայ նոցա. յետ այնորիկ խօսեցան եղբարք նորա ընդ նմա։ 16 Եւ հնչեաց համբաւն ի տուն փարաւոնի, եւ ասեն. Եկին եղբարք Յովսեփու։ Ուրախ եղեւ փարաւոն եւ ծառայք նորա։ 17 Ասէ փարաւոն ցՅովսէփ. Ասա ցեղբարս քո. Այսպէս արարէք. լցէք զբեռինս ձեր եւ երթայք յերկիրն Քանանացւոց։ 18 Եւ առեալ զհայրն ձեր եւ զստացուածս ձեր՝ եկեսջիք առ իս. եւ տաց ձեզ յամենայն բարութեանցս Եգիպտացւոց, եւ կերիջիք զուղիղ երկրիս։ 19 Եւ դու զայս հրաման տացես՝՝. առնուլ յերկրէս Եգիպտացւոց սայլս մանկանց եւ կանանց ձերոց, եւ առեալ զհայրն ձեր ածիցէք։ 20 Եւ մի՛ ագահիցեն աչք ձեր ի կահ ձեր, զի բարութիւն ամենայն երկրիս Եգիպտացւոց ձեզ լինիցի։ 21 Եւ արարին այնպէս որդիքն Իսրայելի. եւ ետ նոցա Յովսէփ սայլս ըստ բանիցն փարաւոնի արքայի, եւ ետ նոցա պաշար ի ճանապարհ։ 22 Եւ ամենեցուն ետ կրկին պատմուճանս, եւ Բենիամինի ետ երեք հարեւր դահեկան եւ հինգ պատմուճան փոխանակաւ։ 23 Եւ հօրն իւրում ետ տանել նոյնպէս, տասն իշոյ բեռինս յամենայն բարութեանց Եգիպտացւոց, եւ տասն ջորի նպարակաւոր, եւ՝՝ կերակուր հօրն իւրում ի ճանապարհ։ 24 Եւ արձակեաց զեղբարս իւր եւ գնացին. եւ ասէ ցնոսա. Մի՛ զայրանայցէք ինչ ի ճանապարհի։ 25 Ելին յԵգիպտոսէ, եւ չոգան յերկիրն Քանանացւոց առ Յակոբ հայրն իւրեանց։ 26 Եւ պատմեցին նմա եւ ասեն. Որդի քո Յովսէփ կենդանի է, եւ նա է իշխան ամենայն երկրին Եգիպտացւոց։ Եւ զարմացաւ ի միտս իւր Յակոբ՝՝, զի ոչ հաւատայր նոցա։ 27 Եւ խօսեցան ընդ նմա զամենայն ինչ զոր ասաց Յովսէփ. իբրեւ ետես զսայլսն զոր առաքեաց Յովսէփ առնուլ զնա, արծարծեցաւ ոգին Յակոբայ հօր նոցա։ 28 Եւ ասէ Իսրայէլ. Մեծ է ինձ եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ Յովսէփ. երթայց տեսից զնա մինչչեւ մեռեալ իցեմ։ |