ԾՆՈՒՆԴՔ 17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ եղեւ Աբրամ ամաց իննսուն եւ ինունց. եւ երեւեցաւ Տէր Աստուած Աբրամու եւ ասէ ցնա. Ես եմ Աստուած քո. հաճոյ լեր՝՝ առաջի իմ, եւ լեր անարատ։ 2 Եւ եդից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ բազմացուցից զքեզ յոյժ յոյժ։ 3 Եւ անկաւ Աբրամ ի վերայ երեսաց իւրոց. եւ խօսեցաւ ընդ նմա Աստուած եւ ասէ. 4 Եւ իմ ահաւադիկ ուխտ ընդ քեզ. եւ եղիցես հայր բազմութեան ազգաց։ 5 Եւ ոչ կոչեսցի այսուհետեւ անուն քո Աբրամ, այլ եղիցի անուն քո Աբրահամ. զի հայր ազգաց բազմաց եդի զքեզ։ 6 Եւ աճեցուցից զքեզ յոյժ, եւ եդից զքեզ յազգս. եւ թագաւորք ի քէն ելցեն։ 7 Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական, լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։ 8 Եւ տաց քեզ եւ զաւակի քում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտութեամբ, զամենայն երկիրդ Քանանացւոց ի ժառանգութիւն յաւիտենական. եւ եղէց նոցա Աստուած։ 9 Բայց դու՝՝ զուխտ իմ պահեսցես, եւ զաւակ քո յետ քո յազգս իւրեանց։ 10 Եւ այս է ուխտ իմ զոր պահեսցես ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց։ 11 Թլփատեսցի ձեր ամենայն արու, եւ թլփատեսջիք զմարմին անթլփատութեան ձերոյ. եւ եղիցի նշանակ ուխտին ընդ իս եւ ընդ ձեզ։ 12 Եւ մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր, ամենայն արու յազգս ձեր, ընդոծինն եւ արծաթագինն, եւ յամենայն օտարածնէ որ ոչ իցէ ի զաւակէ քումմէ։ 13 Թլփատելով թլփատեսցի ընդոծին տան քո եւ արծաթագին քո. եւ եղիցի ուխտ իմ ի վերայ մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։ 14 Արուն անթլփատ որ ոչ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի՝ սատակեսցի անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեաց զուխտ իմ։ 15 Եւ ասէ Աստուած ցԱբրահամ. Եւ Սարայի կնոջ քո ոչ կոչեսցի անուն նորա Սարա, այլ Սառա եղիցի անուն նորա։ 16 Եւ օրհնեցից զնա, եւ տաց քեզ ի նմանէ որդի. եւ օրհնեցից զնա, եւ եղիցի յազգս, եւ թագաւորք ազգաց ի նմանէ եղիցին։ 17 Անկաւ Աբրահամ ի վերայ երեսաց իւրոց եւ ծիծաղեցաւ. եւ խօսեցաւ ի սրտի իւրում եւ ասէ, թէ՝ Հարիւրամենի՝ որդի՞ լինիցի, եւ Սառա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։ 18 Եւ ասէ Աբրահամ ցԱստուած. Իսմայէլս այս կեցցէ առաջի քո։ 19 Եւ ասէ Աստուած ցԱբրահամ. Այո, ահա Սառա կին քո ծնցի քեզ որդի. եւ հաստատեցից զուխտ իմ ընդ նմա յուխտ յաւիտենական, եւ ընդ զաւակի նորա յետ նորա։ 20 Եւ վասն Իսմայելի ահա լուայ քեզ. եւ օրհնեցից զնա, եւ աճեցուցից զնա եւ բազմացուցից զնա յոյժ. եւ երկոտասան ազգ ծնցի, եւ տաց զնա յազգ մեծ։ 21 Բայց զուխտ իմ հաստատեցից ընդ Իսահակայ՝ զոր ծնցի քեզ Սառա ի ժամանակի յայսմիկ ի միւսում տարւոջ։ 22 Եւ վախճանեաց զխօսելն ընդ նմա, եւ վերացաւ Աստուած յԱբրահամէ։ 23 Եւ առ Աբրահամ զԻսմայէլ զորդի իւր եւ զամենայն զընդոծինս իւր եւ զամենայն զարծաթագինս իւր եւ զամենայն արու արանց որ էին ի տան Աբրահամու, եւ թլփատեաց զմարմին անթլփատութեան նոցա ի ժամանակի աւուրն այնորիկ, որպէս խօսեցաւ ընդ նմա Աստուած։ 24 Եւ Աբրահամ էր ամաց իննսուն եւ ինունց ի ժամանակի յորում թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։ 25 Եւ Իսմայէլ որդի նորա երեքտասանամեայ էր, յորժամ թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։ 26 Ի ժամանակի աւուրն այնորիկ թլփատեցաւ Աբրահամ եւ Իսմայէլ որդի նորա։ 27 Եւ ամենայն արք տան նորա, ընդոծինք եւ արծաթագինք որ էին յազգաց օտարաց, թլփատեաց զնոսա՝՝։ |