ԵԼՔ 23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ զհամբաւ սուտ մի՛ ընդունիցիս։ Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի՝ լինել վկայ անիրաւ։ 2 Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ի չարիս։ Մի՛ յաւելուցուս ի բազմութիւն միտել ընդ բազումս առ ի խոտորելոյ զիրաւունս։ 3 Եւ մի՛ ողորմեսցիս տնանկին ի դատաստանի։ 4 Եւ եթէ պատահեսցես եզին թշնամւոյ քո, կամ իշոյ նորա մոլորելոյ, դարձուսցես եւ հասուսցես զնա առ նա։ 5 Եւ եթէ տեսանիցես զգրաստ ընկերի քո անկեալ ընդ բեռամբ, մի՛ զանց առնիցես զնովաւ, այլ յարուսցես զնա ընդ նմա։ 6 Մի՛ խոտորեսցես զիրաւունս տնանկին ի դատաստանի իւրում։ 7 Յամենայն ի զուր բանէ՝՝ ի բաց լինիցիս, եւ զանպարտն եւ զարդարն մի՛ սպանանիցես. եւ զամպարիշտն մի՛ ապրեցուցանիցես վասն կաշառի՝՝։ 8 Եւ կաշառ մի՛ առնուցուս. զի կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեցաց, եւ ապականէ զբանս արդարս՝՝։ 9 Եւ զպանդուխտն մի՛ նեղիցես. քանզի ճանաչէք դուք զանձինս պանդխտաց. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց։ 10 Զվեց ամ սերմանեսցես զերկիր քո, եւ ժողովեսցես զարմտիս նորա։ 11 Եւ յամին եւթներորդի թողութիւն արասցես, եւ հանգուսցես զնա, եւ կերիցեն տնանկք ազգի քո, եւ զմնացեալն ի նոցանէ կերիցեն գազանք վայրի. այնպէս արասցես զայգի քո եւ զձիթենի քո։ 12 Զվեց օր գործեսցես զգործ քո, եւ յաւուրն եւթներորդի հանգիցէ եզն քո եւ էշ քո, եւ հանգիցէ որդի աղախնոյ քո եւ պանդխտին։ 13 Զամենայն զոր ասացի ձեզ՝ պահեսջիք. եւ զանուն աստուածոց օտարաց մի՛ յիշիցէք, եւ մի՛ լուիցի ի բերանոյ ձերմէ։ 14 Երիս ժամանակս ի տարւոջ արասջիք ինձ տօնս։ 15 Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։ 16 Եւ զտօն ամարայնոյ, առաջնոյ արմտեաց քոց, արասցես զգործոց քոց,՝՝ որ ինչ վարեալ իցէ յանդի քում, եւ զտօն կատարածի ելից՝՝ տարւոյն՝ ի ժողովել գործոց քոց յանդէ։ 17 Երիս ժամանակս ի տարւոջ յանդիման լիցի ամենայն արու քո առաջի Տեառն Աստուծոյ։ 18 Եւ մի՛ զոհեսցես ի վերայ խմորոյ զարիւն զոհից քոց, եւ մի՛ ագցի ճարպ տօնի իմոյ մինչեւ ցառաւօտ։ 19 Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն Տեառն Աստուծոյ քո։ Եւ մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։ 20 Եւ ահա ես առաքեմ զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, զի պահեսցէ զքեզ ի ճանապարհի. որպէս զի տարցի զքեզ յերկիրն՝ զոր պատրաստեցի քեզ։ 21 Զգոյշ լեր անձին քում եւ լուիցես նմա, եւ մի՛ անհաւան լինիցիս նմա. զի ոչ խորշիցի ի քէն՝՝, քանզի անուն իմ ի վերայ նորա է։ 22 Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց, եւ հակառակ կացից հակառակորդաց քոց։ 23 Զի երթիցէ հրեշտակ իմ առաջնորդ քեզ, եւ տարցի զքեզ առ Ամովրհացին եւ Քետացի եւ Փերեզացի եւ Քանանացի եւ Գերգեսացի եւ՝՝ Խեւացի եւ Յեբուսացի, եւ սատակեցից զնոսա։ 24 Մի՛ պագանիցես երկիր աստուածոց նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա, եւ մի՛ առնիցես ըստ գործոց նոցա. այլ քակելով քակեսցես զնոսա, եւ մանրելով մանրեսցես զարձանս նոցա։ 25 Եւ պաշտեսցես զՏէր Աստուած քո, եւ օրհնեցից զհաց քո եւ զջուր քո, եւ դարձուցից ի ձէնջ զախտ։ 26 Եւ մի՛ եղիցի անսերմն եւ ամուլ յերկրի քում. զթիւ աւուրց քոց լցուցից։ 27 Եւ զահ իմ առաքեցից առաջնորդել քեզ, եւ զարհուրեցուցից զամենայն ազգս յորս մտանիցես ի նոսա, եւ տաց զամենայն հակառակորդս քո փախստականս։ 28 Եւ առաքեցից առաջի քո զպիծակ, եւ մերժեսցէ զԱմովրհացին եւ՝՝ զԽեւացին եւ զՔանանացին եւ զՔետացին յերեսաց քոց։ 29 Եւ ոչ մերժեցից զնոսա յերեսաց քոց ի միում ամի, զի մի՛ երկիրն անապատ լինիցի, եւ բազմանայցեն ի վերայ քո գազանք երկրին։ 30 Առ սակաւ սակաւ մերժեցից զնոսա ի քէն, մինչեւ աճեսցես եւ ժառանգեսցես զերկիր։ 31 Եւ եդից զսահմանս քո ի Կարմիր ծովէ մինչեւ ի ծովն Փղշտացւոց, եւ յանապատէն մինչեւ ի գետն մեծ Եփրատ. եւ մատնեցից ի ձեռս ձեր զբնակիչս երկրին, եւ մերժեցից զնոսա ի քէն։ 32 Եւ դու մի՛ դնիցես ընդ նոսա եւ ընդ դիս նոցա ուխտ։ 33 Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։ |