ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ եթէ սատակեսցէ Տէր Աստուած քո զազգսն զորոց Տէր Աստուած տացէ քեզ զերկիրն նոցա, եւ ժառանգեսցես զնա, եւ բնակեսցես ի քաղաքս եւ ի տունս նոցա, 2 երիս քաղաքս զատուսցես քեզ ի միջոյ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. 3 նկատեսցես քեզ զճանապարհն, եւ ընդ երիս բաժանեսցես քեզ զսահմանս երկրին քո, զոր բաժանեսցէ քեզ Տէր Աստուած քո. եւ եղիցի անդ ապաստան ամենայն սպանողի։ 4 Այս սահման եղիցի ամենայն սպանողի որ փախչիցի անդր եւ ապրեսցի. Որ ոք հարկանիցէ զընկեր իւր ակամայ, եւ նա ոչ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ. 5 եւ որ ոք մտանիցէ ընդ ընկերի իւրում ի մայրի հարկանել փայտ, եւ ամբառնայցէ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ, եւ անկանիցի երկաթն ի մեղեխէ անտի, եւ դիպիցի ընկերին եւ մեռանիցի, փախիցէ նա եւ անկցի ի մի ի քաղաքացն այնոցիկ եւ կեցցէ, 6 զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին մինչդեռ այրիցի սիրտ նորա, եւ հասանիցէ նմա, եթէ հեռագոյն իցէ ճանապարհն, եւ հարկանիցէ զանձն նորա, եւ նմա չէ դատաստան մահու, զի ոչ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ։ 7 Վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայս եւ ասեմ. Երիս քաղաքս զատուսցես քեզ։ 8 Եւ եթէ ընդարձակեսցէ քեզ Տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ երդուաւ Տէր հարցն քոց, եւ տացէ քեզ Տէր զամենայն երկիրն զոր խոստացաւ տալ հարցն քոց, 9 եւ եթէ լուիցես առնել զամենայն պատուիրանս զայսոսիկ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրել զՏէր Աստուած քո, եւ գնալ յամենայն ճանապարհս նորա զամենայն աւուրս. եւ յաւելցես քեզ այլ եւս երիս քաղաքս յայնս յերիսն. 10 եւ մի՛ հեղցի արիւն անպարտ յերկրին քում, զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն. եւ մի՛ ոք լիցի ի միջի քում պարտական արեան։ 11 Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ զընկեր իւր, եւ դարան գործիցէ նմա, եւ յարիցէ ի վերայ նորա եւ հարկանիցէ զանձն նորա եւ մեռցի, եւ փախչիցի ի մի ի քաղաքացն այնոցիկ, 12 առաքեսցեն ծերակոյտ քաղաքի նորա եւ առցեն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ի ձեռս մերձաւորի արեանն եւ մեռցի։ 13 Եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նա. եւ սրբեսցես զարիւն անպարտ ի միջոյ Իսրայելի, եւ բարի լիցի քեզ։ 14 Մի՛ փոխեսցես զսահմանս ընկերի քո զոր հաստատեցին հարք քո ի ժառանգութեան քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։ 15 Ոչ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչէ. ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։ 16 Եւ եթէ կացցէ յառաջ սուտ վկայ զմարդոյ, եւ չարախօսեսցէ զնմանէ ամպարշտութիւն ինչ, 17 կացցեն երկոքին արքն որոց հակառակութիւնն իցէ առաջի Տեառն եւ առաջի քահանայիցն եւ առաջի դատաւորացն որ իցեն յաւուրսն յայնոսիկ. 18 եւ քննեսցեն դատաւորքն ճշմարտութեամբ. եւ ահա վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն, եւ եկաց հակառակ եղբօր իւրում. 19 արասջիք նմա որպէս խորհեցաւ չար առնել ընկերի իւրում, եւ բարձէք զչարն ի միջոյ ձերմէ. 20 եւ այլոցն լուեալ զահի հարկանիցին, եւ մի՛ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնմիկ չարի ի միջի ձերում։ 21 Մի՛ խնայեսցէ ակն քո ի նա. անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ձեռն ընդ ձեռին, ոտն ընդ ոտին։ |