ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ ասէ Դաւիթ. Եթէ իցէ՞ ոք մնացեալ ի տանէն Սաւուղայ, եւ արարից ընդ նմա ողորմութիւն վասն Յովնաթանու։ 2 Եւ ի տանէն Սաւուղայ էր մանուկ մի, եւ անուն նորա Սիբա, եւ կոչեցին զնա առ Դաւիթ. եւ ասէ ցնա արքայ. Եթէ դո՞ւ իցես Սիբայն։ Եւ ասէ. Ես եմ ծառայ քո։ 3 Եւ ասէ արքայ. Եթէ իցէ՞ ոք մնացեալ ի տանէ Սաւուղայ, եւ արարից ընդ նմա ողորմութիւն Աստուծոյ։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Է որդի մի Յովնաթանու հաշմ ոտիւք։ 4 Եւ ասէ արքայ. Ո՞ւր է նա։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Ահա է ի տան Մաքիրայ որդւոյ Ամիելի Լադաբարացւոյ։ 5 Եւ առաքեաց արքայ Դաւիթ եւ առ զնա ի տանէ Մաքիրայ որդւոյ Ամիելի Լադաբարացւոյ։ 6 Եւ եկն Մեմփիբոսթէ որդի Յովնաթանու որդւոյ Սաւուղայ առ արքայ Դաւիթ, եւ անկաւ ի վերայ երեսաց իւրոց եւ երկիր եպագ նմա։ Եւ ասէ ցնա Դաւիթ. Մեմփիբոսթէ։ Եւ ասէ. Աւասիկ եմ ծառայ քո։ 7 Եւ ասէ ցնա Դաւիթ. Մի՛ երկնչիր, զի առնելով արարից ընդ քեզ ողորմութիւն վասն Յովնաթանու հօր քո. եւ դարձուցից քեզ զամենայն անդս Սաւուղայ՝ զհօր հօր քո. եւ դու ուտիցես հաց հանապազ ի սեղան իմում։ 8 Եւ երկիր եպագ Մեմփիբոսթէ եւ ասէ. Ո՞վ է ծառայ քո, զի հայեցար ի շուն մի մեռեալ նմանող ինձ։ 9 Եւ կոչեաց արքայ զՍիբա զծառայ Սաւուղայ եւ ասէ ցնա. Զամենայն ինչ որ է Սաւուղայ, եւ զամենայն որ տան նորա, ետու որդւոյ տեառն քո։ 10 Եւ գործեսցես դմա զերկիրն, դու եւ որդիք քո եւ ծառայք քո, եւ մուծցես ի տուն տեառն քո հաց եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ որդի տեառն քո կերիցէ հաց հանապազ ի սեղան իմում։ Եւ Սիբայի էին որդիք հնգետասան եւ ծառայք քսան։ 11 Եւ ասէ Սիբա ցարքայ. Ըստ ամենայնի զոր հրաման ետ տէր իմ արքայ ծառայի իւրում, այնպէս արասցէ ծառայ քո։ Եւ Մեմփիբոսթէ ուտէր հաց ի սեղանոյ Դաւթի իբրեւ զմի յորդւոցն արքայի։ 12 Եւ Մեմփիբոսթեայ էր որդի մի փոքրիկ, եւ անուն նորա Միքա. եւ ամենայն բնակութիւն տանն Սիբայի՝ ծառայք Մեմփիբոսթեայ։ 13 Եւ Մեմփիբոսթէ բնակէր յԵրուսաղէմ, զի հանապազ ի սեղանոյ արքայի ուտէր. եւ ինքն էր կաղ յերկոցունց ոտից իւրոց։ |